Վաղվանից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից, Հայաստան-Արցախ կապն իրականացվելու է նոր երթուղով. որոշումը կայացվել է Արցախի Անվտանգության խորհուրդի այսօրվա նիստում։
Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նիստին նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: «Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են»:
որտեղո՞վ է անցնելու նոր մայրուղին
Օգոստոսի սկզբի ռազմական հարձակման նախաշեմին Բաքուն ռուս խաղաղապահների միջոցով պահանջ էր ներկայացրել Արցախի իշխանություններին՝ լքել Լաչինի գործող միջանցքը և Հայաստանի հետ կապը կազմակերպել նոր՝ Բերձորը (Լաչին) շրջանցող ճանապարհով, որի ադրբեջանական հատվածը (շուրջ 20 կմ) արդեն պատրաստ էր, իսկ հայաստանյանը (շուրջ 12կմ) դեռ չէր կառուցվում։
Երևանն ի պատասխան հիշեցրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որտեղ ամրագրված էր՝ Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվի 3 տարվա ընթացքում։ 3 տարին դեռ չի լրացել, հաստատված նախագիծ էլ չկա, ուստի, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։
Չնայած այս փաստարկին՝ պահանջը իրականացվել է․ ռուս խաղաղապահներն լքում են Լաչինի արդեն նախկին միջանցքը (Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ), հարակից բնակավայրերը՝ Բերձորը (Լաչին), Աղավնոն և Սուսը, որոնք չեն մտնում «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ», արդեն հանձնվել են Ադրբեջանին։
կարմիրով՝ Լաչինի արդեն նախկին միջանցքը, կանաչով՝ նոր ճանապարհի երթուղին, դեղինով՝ երթուղու ենթադրվող շարունակությունը (նախատեսվում է, որ ապագայում Ադրբեջանը նաև Շուշին շրջանցող ճանապարհ է կառուցելու)․ քարտեզը՝ Civilnet-ից
Նոր ճանապարհը ձգվում է Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ երթուղով․ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից այն դուրս է գալիս դեպի Հագարի (Աղավնո) գետի վրայով անցնող կամուրջ, այնուհետև՝ հասնում Հին Շեն, Մեծ Շեն և դուրս գալիս Եղծահող գյուղին մոտ գտնվող նախկին մայրուղի։
Ճանապարհի մեծ մասը՝ մինչև Հայաստանի սահման հատվածը, արդեն պատրաստ է (կառուցվել է Ադրբեջանի կողմից)։ Հայաստանի տարածքով անցնող մոտ 12 կմ-անոց կտորը նոր են սարքում։
Հայկական կողմը աշխատանքները սկսել է օգոստոսի 4-ին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի ժամանակ։ Շինարարության մեջ միաժամանակ երեք ընկերություն է ներգրավված, աշխատանքներ են տարվում երեք տեղամասերում: Ճանապարհը, հավանաբար, պատրաստ կլինի միայն գարնանը։
Իսկ մինչ այդ Արցախ-Հայաստան կապը կապահովվի Աղավնոյից ոչ հեռու գտնվող 4 կիլոմետրանոց գրունտային ճանապարհով, որը վերջին օրերին հապճեպորեն բարեկարգվում էր։
Թե՛ նոր մայրուղին և թե՛ ժամանակավոր գրունտային ճանապարհը շրջանցում են Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Սուս համայնքները։ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի փոխանցմամբ՝ այնտեղի բնակիչները ամբողջությամբ տարհանված են, օգոստոսի 25-ի դրությամբ այնտեղ քաղաքացիական բնակչություն այլևս չկար, օգոստոսի 26-ին համայանքները անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
որտեղո՞վ է անցնելու ժամանակավոր ճանապարհը
Քանի որ Նոր մայրուղու հայաստանյան հատվածը պատրաստ չէ, իսկ Լաչինի միջանցքը, որը վերջին 30 տարիներին Հայաստանը Արցախին կապող հիմնական մայրուղին էր, վաղվանից հասանելի չի լինելու հայկական կողմին, կապը ժամանակավորապես ապահովվելու է 4 կիլոմետրանոց գրունտային ճանապարհով։