Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է, կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ։ Պաշտոնյաները խոստովանում են, որ թվերը աճելու են։
«Առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել», – նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ասել էր Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Հայաստանի օմբուդսմենի տվյալներով՝ արձանագրվել է նաև մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Զոհվածը որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէր։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 6-ի։ Թիրախավորվել են նաև լրագրողներ։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հրադադար է հայտարարվել․ հայ-ադրբեջանաան սահմանին և Հայաստանի տարածքում ռազմական գործողությունները դադարել են։ Կառավարության նիստին ՊՆ Սուրեն Պապիկյանը զեկուցել է՝ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, ընդ որում՝ խոսքը ոչ միայն վերջին օրերի, այլևս նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Հայաստանի Հանրապետությունը այս դիրքորոշումն արձանագրել է նաև երեկ՝ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ», – կառավարության այսօրվա նիստում նշել է վարչապետ Փաշինյանը։
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում նա տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի ներխուժման արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի առնվազն 10 քառակուսի կիլոմետրը, 2021-ի մայիսին, ըստ նրա, բռնազավթվել էր շուրջ 40 քառակուսի կմ տարածք։ Կառավարության նիստին նա նոր թվեր չհրապարակեց՝ շեշտելով․ «Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող։ Ագրեսոր ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»։
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ բաց նիստում Ֆրանսիան պահանջել էր «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը» և կոչ արել Ադրբեջանին վերադառնալ «ելման դիրքեր»․ սա թերևս ամենահստակ և հասցեական հայտարարություններից մեկն էր։ Միացյալ նահանգները մտահոգություն էր հայտնել «Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման» կապակցությամբ։ Ռուսաստանը հասցեական հայտարարություններից խուսափել էր՝ սահմանափակվելով երկու կողմերին ուղղված կոչերով։
«Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև։ Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի մեծ ակնկալիքներ, և գաղտնիք չէ, որ դրանք այդքան էլ չարդարացան», – կառավարության նիստին նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով․ «Թույլ տվեք ավելի չմանրամասնել»։
Ռազմական դրություն հայտարարելու առաջարկներին Փաշինյանը պատասխանել է, որ, չնայած իրավիճակը մնում է լարված, Հայաստանի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ընթացքում որոշվել է, որ «այս պահին նման որոշման պետք է չգնանք»։
Եռամսյա հավաքների գործընթացը, ըստ նրա, ուժի մեջ է, հնարավոր է նաև կամավորության հիմունքներով ներգրավվել ծառայության մեջ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ ԱԻՆ նախարարի, Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարի վրա, տուժել է ճոպանուղին, փրկարար ծառայության շենքը, մի շարք մասնավոր մեքենաներ և շինություններ։ Սյունիքի մարզում խափանվել է էլեկտրամատակարարումը, վնասվել է Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Դարպաս, Գետաթաղ, Լոռ, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը, ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ, մասնավոր գույք։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով՝ ցորենի և գարու արտեր, միայն Սոթքում 55-ից 60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ, մասնավոր մեքենաներ։
Փաշինյանի խոսքով, կառավարությունը պետք համապատասխան միջոցներ տրամադրի՝ համայնքներին, մասնավոր անձանց և ընկերություններին՝ լիարժեք վերականգնելու համար։ Կարևոր է նաև փաստագրել բոլոր այս վնասները՝ իրավական գնահատական տանելու համար։ Մանրամասն պետք է փաստագրվեն նաև Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների դեպքերը։