հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Իրավապաշտպանները հաշվել են Ադրբեջանի քաղբանտարկյալներին՝ 99

Իրավապաշտպանները հաշվել են Ադրբեջանի քաղբանտարկյալներին՝ 99

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է իշխանությունների կողմից հետաապնդվող ակտիվիստների թարմացված ցուցակը․ 99 հոգի։ 

«Ցավոք, մեր նախորդ ցուցակի համեմատ քաղբանտարկյալների թվաքանակում էական փոփոխություններ չկան: Այս թիվը շարունակում է տատանվել 100-ի շուրջ, և դա չափից շատ է մի երկրի համար, որը Եվրոպայի խորհրդի անդամ է», – ասում է Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը Кавказский узел-ի հետ զրույցում։

Ցուցակում ավելացել են կրոնական ակտիվիստներ Ֆահան Մամեդովը և Աբիդ Գաֆարովը։ 

«Ֆահան Մամեդովը դատապարտվել է 6 տարվա ազատազարկման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Իրականում գործում չկա ոչ մի հավաստի ապացույց, բացի Մամեդովի, ոստիկանության խոշտանգումներից հետո տված, խոստովանությունները։ <…>

<…> Մամեդովի խոսքերով՝ ոստիկանությունում նրան գցել են հատակին, ծեծել ոտքերով և էլեկտրահարել։ Ֆահան Մամեդովը հայտնվել էր ուժայինների տեսադաշտում, որովհետև ակտիվորեն օգնում էր «Գյանջայի գործով» մեղադրյալների ընտանիքներին՝ հավատացյալների հավաքած օգնությունը բանտարկյալներին փոխանցելով», – ընգծում է Հասանովը։ 

2018 թվականի հուլիսի 3-ին հարձակում էր տեղի ունեցել Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի վրա։ Միջադեպի արդյունքում Վելիևն ու իր թիկնապահը վիրավորվել էին։ Յունիս Սաֆարովը, ով մեղադրվում է հարձակումն իրականացնելու մեջ՝ ձերբակալվել էր դեպքի վայրում։

Նույն թվականի հուլիսի 10-ի երեկոյան Գյանջա քաղաքում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության երկու ծառայողներ էին սպանվել։ Գյանջայի դեպքերի հետ կապված քրեական պատասխանատվության էր ենթարկվել 77 մարդ։ 11-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նրանցից երկուսը գտնվել և Ադրբեջան են վերադարձվել։ 6 հոգի սպանվել է ձերբակալության ժամանակ։

«Բաքվի միասնության կազմակերպություն» հասարակական միության նախագահ, KimTV յութուբյան ալիքի հաղորդավար Աբիդ Գաֆարովը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ընդամենը նրա համար, որ Ղարաբաղյան պատերազմի վետերաններին կոչ է արել «չհնազանդվել», ակտիվորեն պաշտպանել իրենց իրավունքները և բողոքել անարդարության դեմ։ 

Իրավապաշտպան Հասանովն ընդգծում է, որ ցուցակում քաղբանտարկյալների նոր կատեգորիա է ավելացել՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ։

«Այս կատեգորիայում ունենք 5 հոգի։ Նրանք կային նաև նախորդ ցուցակում։ Բայց հիմա ընդհանրացրել ենք նրանց առանձին կատեգորիայի մեջ, քանի որ Գերմանիայից վտարվածների հետապնդումները չեն դադարում, և նրանց մեկ խմբում առանձնացնելը նպատակ ունի հատուկ ուշադրություն հրավիրել այդ արատավոր պրակտիկայի վրա։ Այժմ ուսումնասիրում ենք ևս երկու ակտիվիստների գործը, որոնցից մեկին՝ Զիյա Իբրահիմովին, նույնպես վտարել են Գերմանիայից, իսկ Անար Ալիևը, փախստականի կարգավիճակ ստանալով Գերմանիայում, եկել է հիվանդ հորը այցելելու և այստեղ ձերբակալվել», – ասում է Հասանովը։

99 հոգանոց ցուցակը բաժանված է յոթ խմբի.

— «Լրագրողներ և բլոգերներ»՝ 4 հոգի

— «Ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների անդամներ»՝ 4 հոգի

— «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 հոգի

— «Հավատացյալներ»՝ 19 հոգի։ Նրանց թվում են հիմնականում Ադրբեջանի իսլամական կուսակցության անդամներն ու նոր ավելացված վերը նշված Ֆահան Մամեդովն ու Աբիդ Գավարոֆը։

— «Թարթառի գործով»՝ 27 հոգի։ 

2017 թվականի գարնանը Բաքվում ձերբակալվել էին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք՝ հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Այս գործով նախաքննությունն ու դատավարությունները փակ են անցկացվել։ Հետաքննության ընթացքում ութ մարդ խոշտանգումների է ենթարկվել, ինչի արդյունքում՝ նրանցից չորսը մահացել է։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները 2021 թվականին հայտարարել են, որ խոշտանգումների զոհ է դարձել ավելի քան 200 զինվորական, որոնցից 11-ը մահացել է։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Ադրբեջանի դատախազությունը ընդունել է «Թարթառի գործով» մեղադրյալների նկատմամբ խոշտանգումները։

«Բայց այս գործում նոր շրջադարձ կա։ Հանրության բողոքներից ու լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներից հետո նոր քննություն է նշանակվել։ Եվ վերջերս գլխավոր դատախազը դիմել է Գերագույն դատարանի պլենումին՝ ակնհայտ սարքած ապացույցներով դատապարտված այս անձանց գործերը վերանայելու առաջարկով», – ասում է Հասանովը։

— «Գյանջայի գործով»՝ 27 հոգի

— «Ցմահ դատապարտյալներ»՝ 13 հոգի

Երկրում բռնաճնշումները շարունակվում են, ասել է զեկույցի համահեղինակ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը։

«Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով, շինծու մեղադրանքներով քաղաքացիներին հետապնդելու պրակտիկան շարունակվում է գրեթե երեսուն տարի: Այն վերսկսվել է ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց անմիջապես հետո: Շարունակվող բռնաճնշումների նպատակն է վախեցնել քաղաքացիներին, վախեցնել հասարակությանը, որպեսզի մարդիկ չպաշտպանեն իրենց իրավունքները: Նման մթնոլորտը թույլ է տալիս Ալիևներին մշտապես մնալ իշխանության ղեկին` առանց ազատ ընտրությունների: Ցավոք, արևմտյան քաղաքական գործիչները հանուն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի աչք են փակում երկրում մարդու իրավունքների ոտնահարման վրա»,- ասում է Յունուսը։