Գրեթե ամեն ամիս ադրբեջանական մամուլը հաղորդում է 44-օրյա պատերազմի վետերանի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի մասին։ Շրջանառվում են ինքնասպան եղած ադրբեջանցի զինծառայողների անունները՝ արդեն 38 հոգի։ Եվս 15-ին հաջողվել է փրկել։ Վետերաններից առնվազն 4-ը ինքնահրկիզվել է պետական գերատեսչությունների մոտ։
ԲիԲիՍի-ն պատմել է նրանցից մեկի՝ Ղարաբաղյան պատերազմի վետերան, 35-ամյա Էլվին Ջաֆարովի մասին։ Ջաֆարովն ինքնահրկիզվել էր հուլիսի 10-ին՝ տեղական ադմինիստրացիայի շենքի մոտ։ Երկու օր անց մահացել էր հիվանդանոցում։ ԲիԲիՍի-ն գրում է, որ նա 2020 թվականի պատերազմից ի վեր ինքնասպան եղած առնվազն 26 վետերաններից մեկն է։ Ադրբեջանական մամուլում, սակայն, խոսվում է արդեն 38 դեպքի մասին․․․
Նիհար տղամարդը նստած է մեքենայի մեջ, տեսախցիկի հետևում կանգնած լրագրողին իր շքանշաններն է ցույց տալիս․ «Նայի, ահա՝ Ջաֆարով Էլվին Զաքիր օղլու, շքանշան՝ Կուբաթլուի ազատագրման համար։ Սա՝ մեկ»։ Հանում է հաջորդ կարմիր վկայականը, հետո՝ մյուսը. 4 շքանշան՝ տարբեր տեղանքների «ազատագրման», ևս մեկը՝ «Հայրենիքի» համար։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան Էլվին Ձաֆարովը պատմում է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որ մարտական վիրավորումից հետո ձեռքերն անընդհատ դողում են։ Ասում է՝ ապրուստի միջոց չունի, պետությունը դադարել է հաշմանդամության նպաստ տալ, քաղաքապետարանի չինովնիկները անտեսում են իրեն․․․ «Երդվում եմ՝ էս քանի օրը գալու եմ Սաբիրաբադի ադմինիստրացիայի մոտ ինձ վառեմ»։
ռեպորտաժը՝ Meyda.az
2022 թվականի հուլիսին Son Xeber պարբերականում հրապարակված այս տեսանյութը շատերը նայում էին արդեն նրա ինքնասպանությունից հետո։
«Նա դրա առողջությունը չունի»
«Էլվինը պատերազմի է մեկնել սեպտեմբերի 27-ին՝ կամավոր», – պատմում է Էլնուրը՝ նրա կրտսեր եղբայրը։
Էլնուրի խոսքով՝ ռազմական փորձ եղբայրը չուներ, նրան սպեցնազ էին տարել զուտ ֆիզիկական տվյալների շնորհիվ։
Պատերազմի 38-րդ օրը նա վիրավորվել է։ «Եղբայրս գանգուղեղային վնասվածք էր ստացել, աջ աչքը գրեթե չէր տեսնում, աջ ականջը խլացել էր, երիկամներից մեկը էլ չէր աշխատում։ Պատերազմի ժամանակ նա նաև շաքարախտ էր ձեռք բերել», – թվարկում է Էլնուրը։
Պատերազմից հետո նրան հոսպիտալացրել են։ Վիրահատությունների և ստուգումների համար Էլվինը 5 տարբեր հիվանդանոցներով է անցել, վերջինը հոգենևրոլոգիական դիսպանսերն էր։ Եղբոր խոսքով՝ երբ տուն էր վերադառնում, նորից վատանում էր, տանում էին հիվանդանոց․․․
Պատերազմից առաջ Էլվինը բանվոր էր աշխատում․ քարեր էր կրում, ցեմենտի պարկեր բեռնում, «ծանր աշխատանքից չէր վախենում»․․․
«Պատերազմից հետո նա փոխվեց, – ասում է Էլնուրը․ – Դարձել էր 80 կիլո, հետո՝ արդեն 50»։
Փորձում էր վերադառնալ նախկին աշխատանքին, թաքուն գնում էր երկաթգիծ՝ ալյուրի պարկեր կրելու։ «Ես Բաքվում էի, ոչինչ չգիտեի։ Հետո տնեցիք ասեցին, ես էլ ասում էի՝ նա դրա առողջությունը չունի», – հիշում է Էլնուրը։
44-օրյա պատերազմի մասնակիցները՝ բոլոր նրանք, ովքեր վետերանի կարգավիճակ ունեն, Ադրբեջանում ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) նպաստ են ստանում։
Նրանք, ովքեր հաշմանդամի կարգավիճակ ունեն, «Ադրբեջանի նախագահի թոշակ» են ստանում․ 400 մանաթ (մոտ 235 դոլար)՝ 1-ին կարգի հաշմանդամներին (+ 80 մանաթ՝ նրանց խնամելու համար), 350 մանաթ (մոտ 200 դոլար)՝ 2-րդ կարգի և 300 մանաթ (176 դոլար)՝ 3-րդ կարգի հաշմանդամներին։ Առանձին նրանք հաշմանդամության սովորական թոշակ են ստանում․ 1-ին կարգի հաշմանդամները՝ 220 մանաթ, 2-րդ կարգի՝ 180 մանաթ և 3-րդ կարգի՝ 120 մանաթ։
Էլնուրի խոսքով՝ չնայած բոլոր հիվանդություններին, եղբայրը երրորդ կարգի հաշմանդամության թոշակ էր ստանում (300 մանաթ՝ նախագահի անունից, 120 էլ՝ սովորականով)։ Ամռանը նրա թոշակը կտրել էին․ պետությունը չէր օգնում, աշխատել այլևս չէր կարողանում․․․
Ադրբեջանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան է համարվում ընդհանուր 76 հազար մարդ, ևս 13 հազարի «կարգավիճակը» ճշտվում է, հղվելով Ադրբեջանի ՊՆ-ին՝ 2022-ի մայիսին գրում էր «Սպուտնիկը»։ Նրանցից շուրջ 3000-ը զոհվել է, ևս 3000 մարդ, ըստ աշխատանքի նախարարության, հաշվառված է որպես հաշմանդամ։
Տեղական լրատվամիջոցները պարբերաբար ահազանգում են պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի մասին։ Մահվան ելքով դեպքերը, ըստ տարբեր լրատվականների, 26-ին 38-ն են։ Էլվին Ջաֆարովի ինքնահրկիզումից մի քանի օր առաջ հրապարակային ինքնասպանության փորձ էր կատարել նաև Իլհամ Հասանովը․ Շամքիրի շրջանում ապրող 26-ամյա վետերանը ինքնահրկիզվել էր քաղաքապետարանի շենքի դիմաց։ Օգոստոսի վերջին հաղորդվել էր ևս մեկ դեպքի մասին՝ պատերազմի մասնակից Թեբրիզ Աբդուլաևը ինքնահրկիզվել էր Սամուխի շրջանի գործադիր իշխանության շենքի մոտ, նրան ծանր վիճակում տեղափոխել էին Բաքու։
«Պետք չէ քաղաքականացնել» վետերանի ինքնասպանությունը
Էլվինի հոգեհանգստին էին եկել Սաբիրաբադ քաղաքի վարչական ղեկավար Սիրագադին Ջաբարովը և պատգամավոր Քյամրան Ջաֆարովը։ Երկուսն էլ հավաստիացնում էին, թե հանգուցյալն իրականում շրջապատված էր հոգատարությամբ։
Ջաբարովը հայտարարեց, թե վետերանի ինքնասպանությունը չպետք է քաղաքականացվի։ Հանգուցյալի խոսքերը, որ քաղաքային իշխանությունները հրաժարվում են իրեն ընդունել, Ջաբարովը «կեղծ պնդում» որակեց։ Ըստ նրա՝ Էլվինի, ինչպես նաև պատերազմի մյուս մասնակիցների, «բոլոր պահանջները հնարավորությունների և լիազորությունների սահմաններում ի կատար են ածվել»։
Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության խոսնակ Ֆազիլ Թալիբովը ֆեյսբուքում հրապարակեց աջակցությունների ցանկը, որ, ըստ նրա, տրամադրվել է զոհված վետերանին։ Ի թիվս այլի, Թալիբովը պնդում է, որ Էլվինը երկու անգամ նպաստ է ստացել՝ 420 մանաթ (247 долларов), և միանվագ օգնություն՝ 11000 մանաթի (6410 դոլարի) չափով։ Այս գումարի մեծ մասը՝ 6500 մանաթ, իրոք նշված է YAŞAT պետական հիմնադրամի կայքում՝ պետաջակցությունից օգտված վետերանների ցանկում։
Էլվին եղբայրը պնդում է, որ տեղյակ չէ 11 հազար մանաթ օգնության մասին։ Նա հաստատում է, որ Էլվինը 300 մանաթ «նախագահական թոշակ» և 120 մանաթ հաշմանդամության թոշակ է ստացել, բայց ամռանը վճարումները դադարել են։ Սոցապ նախարարության ներկայացուցչի գրառման մեջ, սակայն, հայտարարվում է, թե հուլիսին զոհված վետերանը ոչ միայն շարունակել է թոշակ ստանալ, այլև նրան հատկացվող գումարի չափն է մեծացվել։
«Վերջին անգամ ես նրա մոտ հունիսին եմ գնացել, ասաց, որ արդեն 15-20 օր է՝ ինչ հանձնել է փաստաթղթերը, որ թոշակ ստանա, – ասում է Էլնուրը․ – Ես անձամբ եմ գնացել սոցապ նախարարություն և խնդրել, որ շարունակեն նրան գոնե 420 մանաթ թոշակը փոխանցել, հավելավճարն էլ հետո կհաշվարկեն․․․»։
Էլնուրի խոսքով, ավտոմեքենան, որ երևում է համացանցում հայտնված տեսանյութի մեջ, եղբայրը գնել է ապառիկով։
Էլվինի երկու երեխաները, կինը և տարեց մայրը Սաբիրաբադում են ապրում՝ Էլնուրի տանը։ Էլնուրը Բաքվում պահակ է աշխատում․ «Ես ընտանիքի վերջին տղամարդն եմ, պետք է նրանց պահեմ»։
Նա հույս ունի, որ պետությունը հոգ կտանի գոնե եղբոր երեխաների համար։
Ինչպե՞ս ապացուցել հաշմանդամությունը
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել։ Պետությունը, ըստ նրանց, հաշմանդամության կարգ իրենց չի տալիս՝ զրկելով նաև նպաստից։ Հունիսի սկզբին պատերազմի մի խումբ մասնակիցներ, ջարդելով դուռը, ներխուժել էին սոցապ նախարարության շենք։
«Ղարաբաղի վետերաններ» հասարակական միության անդամ Ռեյ Քերիմօղլուն ասում է, որ եթե հաշմանդամությունը ակնառու չէ՝ այն շատ դժվար է ապացուցել։ Որոշ դեպքերում, երբ մարդը վիրավորվել, բուժվել և վերադարձել է ռազմաճակատ, նրա վիրավորման փաստն ու ախտորոշումները չեն ֆիքսվել, տվյալները բացակայում են համակարգից։ Այն դեպքերում, երբ որոշվում է փոխել հաշմանդամության կարգը, «վերահաշվարկ» է նշանակվում․ այդ ընթացքում (մոտ 2 ամիս) նպաստ կարող է առհասարակ չվճարվել։ Հավանական է, որ Էլվինի դեպքում հենց սա է տեղի ունեցել, ասում է Քերիմօղլուն՝ հավելելով՝ խնդիրը բյուրոկրատիայի մեջ է։
Ըստ նրա, Ադրբեջանում խնդիրներ կան նաև հաշմանդամության տակ անցնող վնասվածքների և հիվանդությունների սահմանման հետ։ Կանոնները վերջին տարիներին երկու անգամ փոխվել են։ 2015 թվականին պետությունը մի քանի անգամ կրճատել է հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով կարելի է հավակնել հաշմանդամության կարգ ստանալուն։ Վերջին փոփոխությունները, որոնք հիվանդությունների մի մասը հետ են բերել, ուժի մեջ են մտել հենց այս տարվա հուլիսին։
Այժմ հաշմանդամության կարգը որոշվում է ըստ աշխատունակության կորստի աստիճանի։ Ընդամենը մեկ երիկամ ունեցող մարդը, օրինակ, հաշմանդամ այլևս չի համարվելու։
Տնտեսագետ Տոգրուլ Վելիևը, որը վերջերս զրկվել է հաշմանդամության կարգից, նշում է, որ 2014 թվականի դեվալվացիայից հետո (ադրբեջանական մանաթը արժեզրկվել է ավելի քան երկու անգամ) «պետությունը առավելագույնս բարդացրել է ցանկացած տեսակի նպաստ ստանալու կարգը»։
«Հիմքում բյուջետային միջոցները խնայելու սկզբունքն է։ Հետզհետե բացառում էին տարբեր բնագավառներ․ սկզբում աղքատների թիրախային աջակցությունը հանվեց, հետո փոխեցին կանոնները, շատացրեցին պահանջները, հետո փոխեցին թոշակառուներին վերաբերող օրենսդրությունը, անցան գործազուրկներին, ապահովագրության ինչ-որ համակարգ ներդրեցին, զրկեցին նրանց նպաստներից, – թվարկում է Վելիևը․ – Հաշմանդամներին հասան 2021-ի սկզբին․ այդ ժամանակ ԶԼՄ-ները գրում էին հաշմանդամության կարգավիճակը երկարաձգելու հետ կապված խնդիրների մասին, շատերը մնացին առանց նպաստի»։
Տնտեսագետն ասում է, որ դեպքեր գիտի, երբ պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողները հոսպիտալ չէին ուղարկվում, իսկ պատերազմից հետո չունեին տեղեկանքներ, որոնք ապացուցում էին վիրավորման փաստը․ «Համակարգը կառուցված է այս տեսակի տարբեր մանրուքների վրա, առավելագույն տնտեսման վրա․ ինչքան քիչ հաշմանդամության կարգ և նպաստ տան, այնքան լավ»։
PTSD՝ գումարած չինովնիկներ
Վետերանների ինքնասպանության մասին հաղորդումներում նրանց մոտիվները առանձնապես չեն նկարագրվում։ Հաճախ զոհվածների հարազատները նշում են, որ նրանք բողոքում էին ֆինանսական խնդիրներից և պետության անտարբերությունից։ Երբեմն ԶԼՄ-ներում նշվում է, որ ինքնասպան եղած վետերանները պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ունեին։ Որոշ դեպքերում՝ ուղիղ, որոշ դեպքում՝ անուղղակի վկայությունների հիման վրա։ ՆԳՆ ներքին զորքերի սպա, պատերազմի վետերան Ալիմ Մամեդովը, օրինակ, ինքնասպան էր եղել ավելի քան 10 տարի սպասված իր առաջնեկի ծնվելուց երկու օր հետո։
Էլնուրի խոսքերով, Էլվինը պատերազմի մասին խոսել չէր սիրում։ Եղբայրն ասում է՝ առաջ հանգիստ և հավասարակշռված մարդ էր, պատերազմից հետո դյուրագրգիռ էր դարձել, «դատարկ տեղը ջղայնանում էր»․ «Էս ամեն ինչը պատերազմից հետո սկսվեց, նա լուրջ դեղեր էր խմում, բայց դրանք էլ չէին օգնում։ Չէր քնում, օրական կարող էր ընդամենը մեկ-երկու ժամ քնել, ուղղակի չէր ուզում քնել։ Շատ արագ ջղայնանում էր, հունից դուրս էր գալիս»։
Այն մասին, որ մարզերում ապրող վետերանների համար հոգեբանական ծառայությունները հասանելի չեն, ասում է նաև հոգեբան Ազադ Իսազադեն։ Ինքնասպանության պատճառներից նա առանձնացնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD)․ «ԽՍՀՄ-ում այն հայտնի էր որպես «աֆգանյան սինդրոմ»։ Երբեմն խոսքը արտաքին ագրեսիայի մասին է, երբեմն՝ աուտոագրեսիայի․․․»։
Որպես կանոն, PTSD-ն առաջանում է մահվան կամ մահվան վտանգի հետ կապված սթրեսային փորձառությունից հետո։ Ախտանիշներից են՝ տրավմատիկ իրադարձության շարունակական վերապրում, երբ PTSD-ով տառապող մարդը անընդհատ, իր կամքից անկախ հիշում ու վերապրում է անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունը; քնի խանգարում, տագնապային երազներ; դիսոցիատիվ ռեակցիաներ («ֆլեշբեքեր»); գերլարվածություն, գերգրգռվածություն։
Այս ամենին, ըստ Իսազադեի, գումարվում է նաև «չինովնիկների վերաբերմունքը»․․․
«Բոլոր դափնիները՝ Ալիևին»
Ղարաբաղյան պատերազմից հետո վետերանները ուշադրության կենտրոնում էին․․․ Հետպատերազմական առաջին ամիսներին նրանց մասին գրում էին, նախագահը պարգևներ և բնակարաններ էր բաժանում, Բաքվի կենտրոնում զբոսնում էին զինվորական համազգեստով տղամարդիկ․․․
Շուտով պաշտպանության նախարարությունը սկսեց նրանց տուգանքներով սպառնալ․ զորացրվածները, ըստ օրենքի, համազգեստ կրելու իրավունք չունեն։
Բայց նախագահ Ալիևի մնաց համազգեստավորված։
«Եթե զոհվել ես՝ հերոս ես։ Բայց ողջ մնացածների մասին չեն խոսում։ Պետության վերաբերմունքը հաշմանդամներին, մեղմ ասած․․․ անտարբեր է։ Բոլոր դափնիները մնացին Իլհամ Ալիևին», – ասում է պատմաբան Արիֆ Յունուսը։
Խանութները, փողոցները, չինովնիկների աշխատասենյալները Ադրբեջանում զարդարված են պլակատներով, որոնցում խակի հագած նախագահը տեսախցիկի առաջ բռունցք է ցուցադրում․․․
«Վետերանների հանդեպ վերաբերմունքով կարելի է դատել պետության կարգի մասին», – նշում է Յունուսը։ Նա նկատում է՝ Ադրբեջանի պետական մամուլում գրեթե չեն հանդիպում ողջ մնացած վետերանների մասին հոդվածներ, բոլոր խոսքերը նվիրված են կա՛մ նախագահին, կա՛մ զոհվածներին․․․