Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից Էլվին Ջաֆարովը երեկ ինքնահրկիզման փորձ է կատարել Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Գործադիր իշխանության շենքի դիմաց, հայտնում է Meydan TV-ն։
Ինքնասպանության փորձի պատճառը գործադիր իշխանության կողմից իրականցվող անարդարություններն են, հայտնել է Ջաֆարովի եղբայրը Meydan TV-ին։ Ըստ նրա՝ եղբայրը հուսահատ վիճակում էր և երկար ժամանակ չէր կարողանում աշխատանքի ընդունվել։
Տուժածին ծանր այրվածքներով տեղափոխել են Բաքվի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Ջաֆարովի վիճակը ծայրահեղ ծանր է՝ նրա մարմնի մակերեսի 70%-ը այրվել է։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ինքնասպանության դեպքերը անընդհատ կրկնվող բնույթ են կրում․ ընդամենը մեկ շաբաթ առաջ պատերազմի մեկ այլ մասնակից էր ինքնահրկիզման փորձ կատարել՝ Ադրբեջանի Շամքիրի շրջանի Գործադիր իշխանության շենքի դիմաց։ Վերջինս մինչ այդ բուժվում էր հոգեբուժարանում․ նա բողոքում էր, որ բուժումն անօգուտ է և իրեն հաշմանդամության կարգավիճակ չեն տրամադրում։
Գրեթե մեկ ամիս առաջ էլ նույն՝ Սաբիրաբադի շրջանի Գործադիր իշխանության շենքի դիմաց, կախվելու միջոցով ինքնասպան էր եղել ևս մեկ պատերազմի մասնակից․ մինչ այդ վերջինս այցելել էր գործադիր գրասենյակ ֆինանսական խնդիրների պատճառով։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի վետերանները պարբերաբար բողոքում են սոցիալական վատ պայմաններից՝ դուրս գալով բողոքի ակցիաների։ Այս ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներին վետերանի կարգավիճակ չի տրամադրվել, ինչի պատճառով նրանք չէին կարողանում նպաստ ստանալ։