Home / Բանակ / Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալել են գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին, որը ՊՆ գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն էր։ Ձերբակալության պատճառը պաշտոնապես չի հաղորդվում։ Տեղական մամուլի փոխանցմամբ, պաշտոնյան մեղադրվում է «Տերտերի գործով»։

Այդ գործով 2016 թվականից Ադրբեջանում մեծաթիվ զինվորականների են ձերբակալել՝ ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ խոշտանգումներ կիրառելու կապակցությամբ։ Բռնությունների ենթարկվող զինծառայողներին մեղադրում էին հայկական կողմի համար լրտեսություն իրականացնելու մեջ։

2016 թվականին՝ քառօրյա պատերազմի ժամանակ ավելի քան 100 ադրբաջանցի զինծառայող խոշտանգումների է ենթարկվել․ նրանցից առնվազն ինը խոշտանգումների հետևանքով զոհվել են։ Եվս 25 զինծառայող դատապատվել է երկարաժամկետ ազատազրկման։

Ավելի ուշ զոհվածներից չորսը արդարացվել են․ նրանց դեմ կեղծ մեղադրանք առաջադրած քննիչները դատապարտվել են մինչև 7 տարի ազատազրկման։ Բեքիր Օրուջևը 2017 թվականին Տերտերում կորպուսներից մեկի շտաբի պետն է եղել։