Տարեսկզբից Ադրբեջանում ինքնասպանություն է գործել արդեն երրորդ զինծառայողը։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի ԱՆ Քրեակատարողական ծառայության պահակազորային զորամասի Բաքվի գնդում։ Հունվարի 12-ին, ժամը 19։10-ին 2013 թվականի հուլիսին զորակոչված զինծառայող Ջոշղուն Ռզաևը ծառայողական զենքից հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն ու տեղում մահացել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՝ Ադրբեջանի ՔՕ 125 հոդվածով (ինքնասպանության հասցնել)։
Անցած շաբաթ տեղեկատվություն էր տարածվել Ադրբեջանի ԱՆ պահակազորային զորամասի 22-ամյա զինծառայող Մազահիր Աբդուլլաևի ինքնասպանության մասին։ Ադրբեջանի ԱՆ-ն հաստատել էր տեղեկատվությունը՝ չբացահայտելով ինքնասպանության պատճառներն ու դեպքի վայրը։
Հունվարի 1-ին ինքնասպանություն էր գործել ադրբեջանցի մեկ այլ զինծառայող Ռահիմ Իսմայլովը։
Ադրբեջանի ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնի տվյալներով՝ 2013 թվականին Ադրբեջանի Զինված ուժերում մահացել է 81 մարդ․ 11 զինծառայող մահացել է ԼՂ հակամարտության գոտում, 69-ը՝ խաղաղ պայմաններում։