Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերը այսուհետ կկայանան դռնփակ դատական կարգով: Այս մասին որոշումն այսօր կայացրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Եղվարդ) դատավոր Յուրի Բաղդասարյանը:
Epress.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ որոշումն ուղղված է լրատվամիջոցների դեմ, քանի որ լրագրողները հետևում են գործին:
Արդեն հաջորդ նիստին մեղադրող կոմղը պետք է ներկայացնի ապացույցներ այն մասին, թե Վարդան Պետրոսյանը փախել է նախաքննությունից՝ դուրս գրվելով հիվանդանոցից և գնալով իր քրոջ տուն։ Հիշեցնենք, որ հենց այդ հիմքով է կայացվել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանք կիրառելու մասին որոշումը:
Բաղդասարյանի խոսքով՝ նման բան հնարավոր չէ ապացուցել, քանի որ Պետրոսյանը ոչ մի բանից էլ չի փախել:
Այսօր կայացած դատական նիստում դատարանը անդրադարձել է նաև Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությանը՝ դատավորին բացարկ հայտնելու մասին: Նշենք, որ Բաղդասարյանը նախորդ նիստին միջնորդություն ներկայացնելով հիմնավորել էր, որ նախագահողը «քոփի փեյստ» է արել քննիչի որոշումը՝ կալանքը երկարաձգելու մասին:
«Անգամ տառասխալներն են նույնը: Սա նշանակում է, որ դատարանը հանդիպել է քննիչին կամ գոնե էլեկտրոնային տարբերակով ստացել է կալանքի որոշումը: Փաստորեն, սա վկայում է, որ որոշումը դատարանը խորհրդակցական սենյակում չի կայացրել: Այսօր դատարանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց։ Ես մի քանի անգամ պահանջեցի ներկայացնել մերժման պատճառաբանական մասը, ինչը չարվեց»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:
Հիշցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: