Ադրբեջանում ուժի մեջ է մտել որոշում, որն արգելում է սմարթֆոնների և պլանշետների օգտագործումը խորհրդարանի, կառավարության ու ԱԳՆ շենքերում։ Արգելքը տարածվում է ինչպես պետական հաստատությունների աշխատակիցների ու պատգամավորների, այնպես էլ լրագրողների վրա։ Բացառություն է արվել միայն նախագահի աշխատակազմի անդամների համար։
Ինչպես BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն, արգելքը բացատրվում է անվտանգության ապահովման պահանջով։
«Միլի մեջլիսը հատուկ ռեժիմի օբյեկտ է։ Իսկ լուսա- և տեսանկարահանման, Bluetooth հնարավորություններ ունեցող հեռախոսները կարող են գաղտնալսվել։ Ինձ համար արգելքը որևէ անհարմարություն չի ստեղծում։ Ես 32 մանաթով հասարակ հեռախոս եմ գնել ու խորհրդարան մտնելիս հեռախոսիս քարտը կդնեմ դրա մեջ»,- ասել է նա։
Կասկածելի որոշում
Նման կարծիք ունի ադրբեջանական ցանցային ֆորումի ղեկավար Օսման Գյունդյուզը։ «Եթե նրանց մտավախությունները կապված են ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի բացահայտումների հետ ու նրանք վախենում են գաղտնալսումից, ապա հեռախոսները խլելու որևէ պատճառ չկար։ Պետական պաշտոնյաների ու պատգամավորների տեղեկատվական անվտանգութունն ապահովելու համար այլ միջոցներ կան։ Վստահ եմ, որ դա հայտնի է նաև համապատասխան կառույցներին։ Կարող էին ծառայողական հեռախոսներ պատվիրել կամ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ու նամակագրության համար հատուկ ծրագիր ստեղծել»,- Օսման Գյունդյուզին է մեջբերում Qafqazinfo-ն։
Նրա խոսքով՝ եթե խոսքը գնում է լուսա- և տեսանկարահանման արգելքի մասին, ապա խոհրդարանը փակ կառույց, ռազմական կամ գաղտնի օբյեկտ չէ, ընդհակառակը, թե պատգամավորները, թե լրագրողները պետք է խորհրդարանի գործունեությունը լուսաբանելու հնարավորություն ունենան։
Նախ՝ արգելք «խելացի» հեռախոսների վրա, ապա՝ խելացի մարդկանց․․․
Պատգամավորներից «խելացի հեռախոսներ» (սմարթֆոն) խլելը հակասում է Սահմանդրությանն ու «Միլի մեջլիսի պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան։ «Այս անկանոն որոշումը չպետք է անհայտ մնա։ Այս մասին հաղորդագրություն պետք է տեղադրվի խորհրդարանի կայքում, իսկ պատգամավորները պետք է տեղեկացվեն գրավոր ձևով, որպեսզի կարողանան դատարան դիմել։ Եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով խորհրդարանի մուտքը կարող է արգելվել ոչ միայն խելացի հեռախոսների, այլև խելացի մարդկանց համար»։
Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն որոշումը տարօրինակ է անվանել։ Նրա խոսքով՝ նման միջոցներ կարելի էր ձեռնարկել փակ նիստերի ժամանակ․ «Դրա կարիքը, սակայն, սովորական նիստերի ժամանակ չկա։ Միլի մեջլիսի գործունեությունը պետք է թափանցիկ լինի հանրության համար։ Այստեղ այդ ի՞նչ գաղտնի գործունեությամբ են զբաղվում, որ կա նման որոշում ընդունելու կարիք։ Ես բազմաթիվ երկրների խորհրդարաններում եմ եղել։ Ոչ մի երկրում նման արգելքի կարիք չկա»։
Պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը արգելքի մասին որոշման հետ միայն մասամբ է համաձայն․ նրա կարծիքով՝ այն կարող էր տարածվել միայն լրագրողների ու Միլի մեջլիսի հյուրերի վրա։