Թարմացում — Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայտարարել է ՊՆ խոսնակը։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «չնայած հրադադարի պայմանավորվածությանը, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Քելբաջարի շրջանի Ալագելերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ»։ Ադրբեջանական կողմից կա 1 վիրավոր։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին, Անվտանգության խորհրդի քարտուղարի հաղորդմամբ, ձեռք բերված հրադադարը արդեն բազմիցս խախտվել է։ Սեպտեմբերի 20-ին, 21-ին, 23-ին (2 անգամ) ՀՀ ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից կրակոցների մասին։