Home / Բանակ / ԱՄՆ-ն, Լեհաստանը, Բուլղարիան հորդորում են շտապ լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն, Լեհաստանը, Բուլղարիան հորդորում են շտապ լքել Ռուսաստանը

ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են ՌԴ-ում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կան մեկնելու սահմանափակ կոմերցիոն տարբերակներ։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանում Ամերիկայի դեսպանատունը։ 

«Ռուսաստանը կարող է հրաժարվել ընդունել երկքաղաքացիների Ամերիկայի քաղաքացիության ճանաչումը, զրկել ԱՄՆ հյուպատոսության օգնության հնարավորությունից, կանխել նրանց ելքը Ռուսաստանից և զորակոչել երկքաղաքացիներին զինվորական ծառայության», – ասվում է հայտարարության մեջ։ 

Բուլղարիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել, որում կոչ է անում զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց և խորհուրդ է տալիս ՌԴ-ում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ դիտարկել երկիրը լքելու հնարավորությունը՝ օգտագործելով ներկայումս հասանելի տրանսպորտային միջոցներ:

Լեհաստանի արտգործնախարարությունը, նույնպես, նմանօրինակ հորդոր է տարածել։ «Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակվելու կամ այլ չնախատեսված հանգամանքների դեպքում տարհանումը կարող է խոչընդոտվել կամ նույնիսկ անհնարին դառնալ», – պարզաբանել է նախարարությունը։