թարմացում. «ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների հայտարարությունները իրականում համապատասխանաբար սեպտեմբերի 13-ի և 20-ի հայտարարությունների թարմացումներ են», – հայտարարել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա, «ռիսկը, իհարկե, կա, բայց այն ավել չէ, քան, օրինակ, երկու կամ երեք օր առաջ»:
Նոյեմբերյանում ու առհասարակ Տավուշում, ըստ պատգամավորի, ոչ մի տարհանում էլ չկա։ Արարատի մարզպետարանը հերքել է նաև Արարատի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանման մասին շրջանառվող տեղեկությունները։
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը սեպտեմբերի 23-ին հայտարարություն է տարածել՝ հորդորելով իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ մի շարք շրջաններից։
«Խիստ զգուշություն ցուցաբերե՛ք Հայաստանում զինված հակամարտության պատճառով։ Որոշ շրջաններում բարձրացել է ռիսկը», – ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն հետևյալ վայրեր.
— Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք
— Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք
— Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք
— Արարատի մարզ՝ Երասխ գյուղ
— Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք
— Սյունիքի մարզ
— Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է մնալ արգելված
ԱՄՆ դեսպանատունը բազմիցս է տարածել նմանօրինակ նախազգուշացումներ, որոնք համընկել են էսկալացիայի կամ պատերազմի սկսվելու օրվա հետ։ Ամենավերջին համընկնումներից էր սեպտեմբերի 13-ի հայտարարությունը՝ նույն օրը սկսված էսկալացիայից առաջ։
2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ, Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն էին արել՝ հորդորելով իրենց քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հենց առաջին օրը՝ փետրվարի 24-ին, հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով շտապ լքել Ուկրաինան։
Թարմացում
Ֆրանսիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել ոչ էական ճանապարհորդություններից Հայաստան և հրաժարվել ցանկացած ճանապարհորդությունից երկրի որոշ շրջաններ (նկարում՝ կարմիրով)։
«Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ (այդ թվում ադրբեջանական էքսկլավ՝ Նախիջևանի հետ) և Վայոց ձորի, Սյունիքի ու հարավային Գեղարքունիքի շրջաններ ճանապարհորդելը խստիվ խորհուրդ չի տրվում բախումների պատճառով, որոնք ներկայումս շարունակվում են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև», – ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս այցելել նաև Հայաստանի այլ տարածքներ, եթե չկա հրատապ պատճառ։
Հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է սեպտեմբերի 20-ին և ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։