Կիևում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինայի տարածքը:
«Պետքարտուղարությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը առաջիկա օրերին ուժեղացնելու է ջանքերը՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։ Ռուսական հարվածները Ուկրաինայում շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Ուկրաինան հիմա՝ օգտագործելով ցամաքային տրանսպորտի հասանելի միջոցները, եթե դրանք անվտանգ են», – ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ամերիկյան մամուլը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները, իր հերթին գրում է, որ Ռուսաստանը ծրագրում է մոտ ապագայում նոր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա։
ԱՄՆ կառավարությունը նշում է նաև, որ գաղտնազերծում է հետախուզությունը՝ սպառնալիքի վերաբերյալ պաշտոնյաների մտահոգությունները հնարավորինս լայն լսարանին փոխանցելու համար:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նույնպես հայտարարել է ուկրաինացիներին հատկապես զգույշ լինել Ուկրաինայի անկախության տոնին՝ օգոստոսի 24-ին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հենց առաջին օրը՝ փետրվարի 24-ին, հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով շտապ լքել Ուկրաինան։
2020թ․-ի Սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ, Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ դեսպանությունները նույնպես հայտարարություն էին արել՝ հորդորելով իրենց քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից։