Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ Ուկրաինայի նախկին օմբուդսմենը ռուսաստանցի զինվորականների կողմից երեխաների բռնաբարությունների մասին սարսափելի պատմությունները որևէ կերպ չեն ապացուցվում։ Ենթադրվում է, որ նա դրանք կարող էր պարզապես հորինել։ Լրագրողների տվյալներով, խորհրդարանը նրան հենց այս պատճառով է մայիսի 31-ին «անվստահություն հայտնել» և ազատել պաշտոնից։
«Սեռական բռնությունների սարսափելի պատմությունները», որոնք մարտ-մայիս ամիսներին բարձրաձայնում էր օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան, չեն հաստատվել ո՛չ իրավապաշտպանների, ո՛չ լրագրողների կողմից։ Վերջիններս պնդում են, որ ապացույցներ չկան։ Հետաքննության համաձայն, ՄԻՊ Դենիսովան և նրա դուստրը՝ Ալեքսանդրա Կվիտկոն քարոզչական նպատակներով կարող էին ուղղակի կեղծիքներ հնարել։
Լրագրողները պարզել են, որ մարտին Լյուդմիլա Դենիսովան UNICEF-ի օգնությամբ հոգեբանական աջակցության լրացուցիչ թեժ գիծ է գործարկել։ Այս գծով զբաղվում էր նրա դուստրը՝ Ալեքսանդրան, ով մասնագիտությամբ հոգեբան է։
Հայտարարվում էր, որ թեժ գծում աշխատում են 5 պրոֆեսիոնալ հոգեբաններ․ առաջին երկու շաբաթների ընթացքում օգնության էին դիմել 400 հոգի, ովքեր հիմնականում պատմում էին սեռական հանցագործությունների մասին։ Սակայն հայտնի չէր՝ ինչպես են ֆիքսվում այս զանգերը և ովքեր են այնտեղ աշխատող հոգեբանները։
Ալեքսանդրան պնդում էր, որ մեկ ու կես ամսվա ընթացքում իր թեժ գիծն ընդունել է շուրջ 1040 զանգ, որոնցից 450-ը կապված էին երեխաների բռնաբարությունների հետ։ Բայց դատախազների կողմից ստացված պաշտոնական քաղվածքում նշվում է, որ ամբողջ ընթացքում ընդունվել է ընդամենը 92 հեռախոսազանգ։
«Украинская правда»-ի լրագրողները չեն կարողացել գտնել Կվիտկոյի և Դենիսովայի պատմած բազմաթիվ պատմությունների ապացույցները՝ նույնիսկ այն պարագայում, երբ այդ պատմություններն ունեին մանրամասներ, որոնք կարող էին օգնել տուժողներին գտնելու հարցում։ Ո՛չ օմբուդսմենը, ո՛չ հոգեբանը չեն կարողացել որևէ ապացույց ներկայացնել, որ այդ տուժողներն ընդհանրապես գոյություն են ունեցել։
Իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպանը ասել է, թե պատմությունները, որոնք նա հրապարակայնացրել է, լսել է իր դստերից․ նա վերապատմում էր դրանք թեյախմության ժամանակ։
Ըստ «Украинская правда»-ի աղբյուրների՝ երբ տեսախցիկը անջատել են, Դենիսովան բացատրել է, որ պատմում էր այդ սարսափելի պատմությունները, որովհետև «հաղթանակ էր ցանկանում Ուկրաինայի համար»։
Այս նույն ընթացքում ուկրաինացի իրավապաշտպաններին ու պատգամավորներին էին դիմում նրանց եվրոպացի գործընկերները և խնդրում ներկայացնել երեխաների բռնաբարությունների ապացույցներ։ Այս հարցումներին պատասխանել նրանց չէր հաջողվում, որովհետև օմբուդսմենը իր գործողությունները չէր համաձայնեցնում խորհրդարանի հետ։
«Այս ամենը [հանցագործությունների փաստերը] հաստատվում են, այդ թվում՝ տարբեր իշխանությունների կողմից։ Բայց եթե անձը չի ցանկանում կապ հաստատել, նրա տվյալները չեն կարող փոխանցվել իրավապահ մարմիններին։ Սա նրա որոշումն է», – հակադարձել է Դենիսովան։ Իրեն ուղղված մեղադրանքները նա որակել է որպես Ռուսաստանի Դաշնության պատվերով պատրաստված և իրականությանը չհամապատասխանող։