Home / Ոստիկանություն / Օմսկում ծեծել են հաշմանդամին՝ ուկրաինական զինանշանով անձնագրի համար

Օմսկում ծեծել են հաշմանդամին՝ ուկրաինական զինանշանով անձնագրի համար

Օմսկում ոստիկանները ծեծել են 3-րդ կարգի հաշմանդամ Զախար Զակուրդաևին՝ Ուկրաինայի զինանշանով անձնագրի շապիկ ունենալու համար։ Զակուրդաևը նաև տուգանվել է 30000 ռուբլով՝ ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով։ Այս մասին հայտնում է «Օմսկի քաղաքացիական ասոցիացիան»։

Զակուրդաևը, բուժզննում անցնելու ժամանակ, հանել է անձնագիրը։ Բժիշկը սկսել է նրան հարցեր տալ անձնագրի շապիկի և Ռուսաստանի «հատուկ գործողության» հանդեպ նրա վերաբերմունքի մասին։ Զակուրդաևը պատասխանել է, որ իրեն դուր չի գալիս, որ մարդիկ են զոհվում պատերազմում։

Երկու շաբաթ անց ոստիկանները եկել են նրա աշխատատեղ ու տարել նրան ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ, ըստ Զակուրդաևի, իրեն ծեծի են ենթարկել և ստիպել ստորագրել խոստովանական ցուցմունք, որ ինքը ներգրավված է հանրահավաքների կազմակերպման մեջ, և կարող է ներգրավված լինել նաև «ուկրաինական խմբերում», մասնավորապես՝ Ազովի գնդում։ Ինչպես նաև ստիպել են ստորագրել բնակարանի խուզարկության արձանագրություն և կազմել ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով արձանագրություն։

Ավելի ուշ դատարանը Զակուրդաևին տուգանել է 30000 ռուբլով՝ որոշման մեջ նշելով, որ նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Փաստաթղթում նաև նշվում են բժշկի խոսքերը, ով հայտնում է, որ Զակուրդաևը «ցուցադրական ձևով է ներկայացրել անձնագիրը, որի շապիկին Ուկրաինայի զինանշանն է պատկերված» և «ագրեսիվ ձևով է արտահայտվել Պուտինի հասցեին»։ 

Զակուրդաևի մայրը ուկրաինացի է, իսկ հարազատներն ու ընկերներն ապրում են Ուկրաինայում։