Օրեր առաջ լրացավ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ ամիսը։ Ուկրաինան վերջերս ունեցավ որոշակի դիվանագիտական առաջխաղացում և մի շարք ռազմական կորուստներ։
Եվրամիությունը պաշտոնապես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային։ Կարո՞ղ է Ուկրաինան շարժվել դեպի Եվրամիություն՝ զուգահեռաբար պատերազմ մղելով: Միջինում, թեկնածու երկրին լիարժեք անդամակցության համար, նույնիսկ խաղաղ պայմաններում, անհրաժեշտ է մոտ մեկ տասնամյակ: Ուկրաինան պետք է վերականգնի տնտեսությունը, զբաղվի կոռուպցիայի դեմ, բարելավի դատական համակարգը, ասվում է Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ:
Ուկրաինական ուժերը շաբաթներ տևած կատաղի մարտերից հետո նահանջեցին արևելյան Սեվերոդոնեցկ քաղաքից՝ Ռուսաստանի վերահսկողության տակ թողնելով գրեթե ամբողջ Լուգանսկի մարզը։ Ռուս պաշտոնյաներն ասում են, որ իրենց ուժերը պայքարում են Դոնբասի «ամբողջական ազատագրման» համար, որն ընդհանուր առմամբ վերաբերում է արևելյան Դոնեցկի և Լուգանսկի մարզերին։
Ռուսական ուժերն ի սկզբանե արագ նվաճումներ ունեցան հարավում, որոնց հիմնական նպատակը Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի (Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքների) միջև ցամաքային միջանցքի ստեղծումն էր: Այժմ, Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականները հայտարարել են, որ ներխուժում են Լիսիչանսկ՝ վերջին խոշոր քաղաքը Լուգանսկի մարզում, որը դեռևս վերահսկվում է ուկրաինական զորքերի կողմից:
Ռուսական զորքերը շարունակում են գնդակոծել ուկրաինական դիրքերը Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի հարավային մարզերում։ Ուկրաինական ուժերի համառ դիմադրությունը Մարիուպոլի ու Նիկոլաևի մոտ զգալիորեն դանդաղեցրեց ռուսական առաջխաղացումը: Այնուամենայնիվ, Ռուսաստանն այժմ լիովին վերահսկում է Մարիուպոլ նավահանգստային քաղաքը։
Ո՞րն է լինելու պատերազմի հաջորդ փուլը։ Պատասխանն ավելի շատ քաղաքականության տիրույթում է։ Ռազմական գործերի այբբենարանի համաձայն՝ հաջող հարձակման համար անհրաժեշտ է եռակի տեղային առավելություն ստեղծել հակառակորդի նկատմամբ։ Այսօր ուկրաինական բանակն այն չունի, և հետևաբար իրավիճակը ճակատում մոտ է լճացմանը։
2022 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) հրապարակեց զեկույց. «Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»: Զեկույցի գրեթե բոլոր կանխատեսումներն իրականացան։
«Մենք բավականաչափ սպառազինություն չենք տրամադրել, որպեսզի Ուկրաինան կարողանա հետ վերադարձնել օկուպացված տարածքները», – պնդում է զեկույցի համահեղինակ Սեթ Ջոնսը։
Փորձագետը «ոչ արդյունավետ» է համարում խոսակցություններն այն մասին, որ զենքի նոր մատակարարումները կարող են էսկալացիայի հանգեցնել։ Նրա խոսքերով՝ ռուսական պրոպագանդան մեծ հաճույքով ընդունում է ցանկացած կասկած և «հեռարձակում այն 10 անգամ ավելի բարձր»։
«Ուկրաինացիների համար սա էքզիստենցիալ պայքար է, և այն շարունակելու համար նրանց անհրաժեշտ կլինի Արևմուտքի անսահմանափակ աջակցությունը։ Աշխարհը ստիպված կլինի համակերպվել գազի և նավթի բարձր գների հետ»։
Փորձագետները պնդում են՝ եթե վճռական շրջադարձ տեղի չունենա, ինչպիսին է՝ ցանկացած զինամթերքի զանգվածային մատակարարումը, կամ ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտությունը, ապա ռուս-ուկրաինական պատերազմը կգնա դեպի լճացման փուլ։
Ո՞րն է Ռուսաստանի վերջնախաղը
Արդյո՞ք ռուսական ուժերը կփորձեն գրավել Դոնբասը՝ բռնակցելով Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, և վերագծել ազգային սահմանները: Սա ըստ վերլուծաբանների ամենահավանական սցենարն է՝ հատկապես, երբ Ռուսաստանի ուժերը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես սպառված են։ Այս հեռանկարը հայրենիքում կարելի է ներկայացնել որպես հաջողություն:
Ռուսաստանը կարող է հույսը դնել ռեալպոլիտիկի վրա, որն Ուկրաինայի վրա ճնշում կգործադրվի՝ ընդունելու տարածքների կորուստը հանուն խաղաղության և գլոբալ կայունության: Ուկրաինան ամենայն հավանականությամբ կմերժի դա, իսկ վերջնական արդյունքը կլինի սառեցված հակամարտությունը:
Վլադիմիր Պուտինը կցանկանա՞ ավարտել այն, ինչ սկսել է, միգուցե գրավելով ամբողջ հարավը, կամ նույնիսկ հերթական անգամ պայքարել Կիևի համար, դեռ հարցական է: Բայց եթե ուզում ենք հուշումներ փնտրել, թե ինչպես կարող է ավարտվել այս «հատուկ ռազմական գործողությունը», պետք է ուշադիր լինել Պուտինի խոսքերին:
Հունիսի սկզբին իր ելույթում նա բացահայտ կերպով համեմատեց իրեն Պետրոս Առաջինի հետ՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նույնացնելով ռուսական ցարի 3 դար առաջ մղած էքսպանսիոնիստական պատերազմների հետ։ Դա խոստովանություն էր, որ իր պատերազմը հողազավթում է:
«Կարծես թե մեզ էլ է բաժին հասել [մեր հողերը] վերականգնելն ու ամրապնդելը», – ժպտալով ասաց Պուտինը:
Ռուսաստանը վճռական սխալներ թույլ տվեց պատերազմի սկզբում։ Նրանք թերագնահատեցին ուկրաինացի ժողովրդի դիմադրելու կամքն ու զինված ուժերի հնարավորությունները։
Ռուսական ուժերի անփույթ ու շտապ հարձակողական գործողությունները դեպի մայրաքաղաք հանդիպեցին ջախջախիչ պարտության։ Ռուսական զորքերն, այժմ, դանդաղորեն ու անողոք ձևով շարժվում են դեպի Դոնբաս, ինչը ցույց է տալիս որ նրանք դաս են քաղել իրենց սխալներից և կարծես վճռական են չկրկնել դրանք: