ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից իրեն շնորհվող շքանշանը։ Նախօրեին էլ նա հայտարարել է, թե Ուկրաինայի արևելքում հաստատված Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ են», որոնց անկախությունը Ղազախստանը չի ճանաչի:
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից իրեն շնորհվող Ալեքսանդր Նևսկու շքանշանը», – ղազախական Tengrinews գործակալությանն տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։
Տոկաևը, ըստ պաշտոնական պարզաբանման, որոշել է մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը հրաժարվել թե՛ հայրենական և թե՛ օտարերկրյա պետական պարգևներից․ «Վերջերս Բիշքեկ կատարած այցի ընթացքում այս նույն պատճառով նախագահ Տոկաևը հրաժարվել է ընդունել նաև Ղրղըզստանի բարձրագույն պարգևը՝ «Մանաս» շքանշանը»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս օրերին Սանկտ Պետերբուրգում է՝ Վլադիմիր Պուտինի հետ միասին մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին։
Հունիսի 17-ի լիակազմ նիստին հնչեցրած ելույթում նա բացառել է Ղազախստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորությունը։
Տոկաևը պատասխանում էր քննարկման համակարգողի՝ Russia Today ռուսական պետական գործակալության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին, թե ինչպե՞ս է Ղազախստանը վերաբերվում է Ուկրաինայում ընթացող «հատուկ օպերացիային»։
Տոկաևը նշել է նախ, որ Ուկրաինայում պատերազմի մասին Ղազախստանում տարբեր կարծիքներ կան։ Խոսելով անջատողական հանրապետությունների մասին, նա հայտարարել է, թե ՄԱԿ-ի կանոնադրության երկու հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման ու պետությունների տարածքային ամբողջականության իրավունքները, հանգել են փոխադարձ բացառման։
«Հաշվարկված է, որ եթե ազգեի ինքնորոշման իրավունքն իրացվի ամբողջ աշխարհում, ապա 193 պետությունների փոխարեն Երկրի վրա ավելի քան 500-600 պետություն կառաջանա։ Դա քաոս է լինելու։ Սա է պատճառը, որ մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան։ Այս սկզբունքը կիրառվելու է նաև քվազիպետական տարածքների նկատմամբ, ինչպիսին են, մեր կարծիքով, Լուգանսկն ու Դոնեցկը», – ասել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևի հայտարարությունից առաջ Ռուսաստանի նախագահը կարծիք էր հայտնել, թե Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները ուկրաինական կառավարությունից «թույլտվություն» չպետք է խնդրեին։ Պուտինը հղվել էր Կոսովոյի օրինակին։
Ուկրաինա ներխուժումից օրեր առաջ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը ճանաչած Ռուսաստանում, ի դեպ, պետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված՝ մինչև 5 տարվա ազատազրկում։
Ընդգծելով Ղազախստանի և Ռուսաստանի ընկերական հարաբերությունները, Տոկաևը նշել է, որ ռուսաստանցի պատգամավորները, լրագրողները և մշակութային գործիչները այնպիսի հայտարարություններ են անում Ղազախստանի մասին, որոնք ջուր են լցնում դեստրուկտիվ ուժերի ջրաղացին։ Այս հարցը, ըստ նրա, քննարկվել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է, թե համաձայն է Տոկաևի հետ՝ հավելելով, որ լավ ճանաչում է Ղազախստանի նախագահի հիշատակած մարդկանցից մեկին։ Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց Սիմոնյանի ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մասին է․ վերջինս ավելի վաղ Ղազախստանին մեղադրել էր «անշնորհակալության» և «դավաճանության» մեջ և առաջարկել նայել Ուկրաինայի օրինակին։ Այս հայտարարություններից հետո պաշտոնական Նուր-Սուլթանը արգելել էր Քեոսայանի մուտքը Ղազախստան։
Պուտինը, իր հերթին, Ղազախստանը եղբայրական երկիր էր անվանել և հավելել՝ եթե Ուկրաինայի իշխանությունները իրենց պահեին այնպես, ինչպես պահում են Ղազախստանի իշխանությունները, ոչ «հատուկ օպերացիա» կլիներ, ոչ էլ, երևի, Ղրիմի անեքսիա։