Ուկրաինայում կռվող1 չեչեն ուժայիններից առնվազն 7-ը սպանվել են համածառայակիցների կողմից․ «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնի նախկին աշխատակիցները2 ստուգել և հաստատել են Ուկրաինայում տեղի ունեցած երկու միջադեպերի մասին ավելի վաղ հանրայնացված տեղեկությունը։
Առաջին դեպքի մասին հաղորդել էր 1ADAT չեչենական ընդդիմադիր տելեգրամ-ալիքը ․ ապրիլի 20-ին 1ADAT-ում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի տղամարդիկ (առնվազն երեք հոգի) զննում են չորս սպանված տղամարդկանց մարմինները։ Դիերը կամուֆլյաժային համազգեստով են։ Նկարահանողներն ու զննողները միմյանց հետ չեչեներեն են խոսում։ «Սրան դիպուկահար է սպանե՞լ», – հարցնում է նրանցից մեկը։ «Չէ, էս երկուսը նրանցից են, որ իրար էին կրակել», – պատասխանում է մյուսը։
«Полный ПЦ» տելեգրամ-ալիքի տեղեկություններով (ալիքը վարում են «Մեմորիալի» նախկին աշխատակիցները), մոտավորապես ապրիլի սկզբին Ուկրաինա ուղարկված չեչեն ուժայինների միջև իսկապես «միջադեպ» է գրանցվել։ Նրանցից 6-ը սպանվել են։ Ողջ մնացածներից երկուսը տեղափոխվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Գրոզնիի վարչություն։
Վերջիններս պատմել են, որ 7 չեչեն զինվորականները (այդ թվում և իրենք) Ուկրաինայում գտնվող իրենց բազայի ներսում են եղել, երբ 8-րդը դրսից սկսել է կրակել իրենց ուղղությամբ։ 5 հոգի տեղում սպանվել է։ Ողջ մնացածներից մեկը պատասխան կրակ է բացել և սպանել հարձակվողին։
Դեպքի առթիվ այժմ քննություն է ընթանում։
* * *
Ուկրաինայում իր իսկ հայրենակիցների կողմից սպանված մեկ այլ չեչեն զինվորականի մասին ապրիլի 26-ին հաղորդել է ինգուշ բլոգեր Իսլամ Բելոկիևը։ Նա նաև աուդիոձայնագրություն է հրապարակել, որում անհայտ տղամարդը, ենթադրաբար՝ Ուկրաինայում «հատուկ օպերացիայի» մասնակցող չեչեն ուժայիններից մեկը, պատմում է սպանության մանրամասները։
Ձայնագրությունը լայնորեն տարածվել է համացանցի հատկապես չեչենական տիրույթում։ Անհայտ տղամարդը չեչեներեն ասում է՝ «սա սարսափ է, այնտեղից լիքը մարդ են բերում»։ Կոնտեքստից ելնելով, կարելի է ենթադրել, որ խոսքը պատերազմում զոհվածների մասին է։ Այնուհետև նա պատմում է, որ «այնտեղից» բերել են նաև Չեչնիայի Գուդերմեսի շրջանի Օյսխար գյուղի բնակչի մարմինը, որին սպանել են Կուրչալոևսկի շրջանի Կուրչալոյ քաղաքի երեք բնակիչներ։ Նրա խոսքերով, նրանց դիակապտությամբ էին զբաղվում՝ կանանց վրայից ոսկե զարդեր էին հանում։ Օյսխարի բնակիչը ամոթանք է տվել նրանց, վերջիններս էլ «մեջքից կրակել» և սպանել են տղամարդուն․ վախեցել են, որ կպատմի իրենց հանցագործությունների մասին։ Պատմողը պնդում է, որ տեղի ունեցածի մասին իմացել է սպանության «քննությունից» (նկատի ունի ոչ թե պաշտոնական, այլ չեչենական ադաթով քննությունը – խմբ․), որը տարվում է սպանվածի և սպանողների հարազատների կողմից։ Արդյունքում Օյսխարի բնակչի բարեկամները կրակողին արյան վրեժ են հայտարարել։
«Մեմորիալը» ստուգել է այս տեղեկությունը․ Չեչնիայի Հանրապետությունում հաստատել են դրա իսկությունը։ Միջադեպի երեք մասնակիցներն են բերվել են Չեչնիա, նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Полный ПЦ»-ի տվյալներով, նրանցից մեկը Յամադաևներ եղբայրների զարմիկն է, ազգանունը՝ Կովրաև։
1 Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը մայիսի 16-ին հրապարակել էր «կադիրովականների» և այսպես կոչված կամավորների ցուցակը, որոնց 2022-ի մարտ-մայիսին Չեչնիայից ուղարկել են Ուկրաինա՝ պատերազմի։ Ցուցակը բաղկացած է 2425 անուններից, մոտավորապես 100-ը նշված են որպես սպանված։ Ուկրաինական հետախուզության փոխանցմամբ, ցուցակագրված «կադիրովականները» ներգրավված էին «հարձակման երկրորդ էշելոնում»․ ռուսական բանակի հետևից նրանք մտել են օկուպացված տարածքներ՝ հաստատելու «ռուսական կարգ ու կանոն»։
2 «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնը լուծարվել է ապրիլի 5-ին ուժի մեջ մտած դատարանի որոշմամբ։ Ֆորմալ առիթը «օտարերկրյա ագենտի» պիտակին վերաբերող պահանջների խախտումն էր։ Կազմակերպության նախկին աշխատակիցները շարունակում են իրավապաշտպան գործունեությունը։
3 Սուլիմ Յամադաևը Առաջին չեչենական պատերազմին մասնակցել է չճանաչված Իչկերիայի, իսկ Երկրորդ չեչենական պատերազմին՝ արդեն Ռուսաստանի կողմից։ «Արևելք» գնդի հրամանատարն է եղել։ Սպանվել է 2009 թվականին՝ Դուբայում։
Ռուսլան Յամադաևը 2003-2007-ին Պետդումայի պատգամավոր է եղել, սպանվել է 2008 թվականին՝ Մոսկվայում։
Յամադաև եղբայրները իրենց սպանությանը նախորդած ժամանակահատվածում Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի հիմնական քաղաքական մրցակիցներն էին համարվում։ «Նովայա Գազետա»-ի տվյալներով, նրանք կարող էին առնչություն ունենալ լրագրող Աննա Պալիտկովսկայայի սպանությանը։