Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի՝ մոսկովյան «Մուզեոնից» անհետացած և Ստեփանակերտի թիվ 8 ավագ դպրոցի բակում հայտնված արձանի առթիվ մեկնաբանություն էինք խնդրել գրող, լրագրող Էդուարդ Լուկոյանովից․
— Ռուսաստանում հրապարակային իրավապաշտպանությունը միշտ զուգահեռվել է ազգային հաշտության շուրջ բանավեճի հետ․ հաշտության տակ իրավապաշտանները հասկանում էին, օրինակ, ստալինյան բռնաճնշումների ծավալների ճանաչումը։ «Անկախ Ռուսաստանի» գոյության առաջին տասնամյակում ամբողջատիրության զոհերի իրավունքների վերականգնումը տեղավորվում էր իշխանության տրամաբանության մեջ․ այստեղից է նաև ակադեմիկոս Սախարովի՝ մահվանը հաջորդած հերոսականացումը։
Հաշտության այս քաղաքականության շրջանակներում 1992 թվականին ստեղծվեց «Մուզեոն» զբոսայգին, որտեղ լցրեցին խորհրդային ժամանակաշրջանի «ոչ միանշանակ» գործիչների բոլոր արձանները։ «Մուզեոնի» մասին խոսելիս մենք սովորաբար հիշում ենք Ձերժինսկու արձանը, որը հեռացվել էր Լուբյանկայից, Լենինի կիսանդրին և այլն։ Սա տոտալիտարիզմի որոշակի արգելոց էր՝ պատմական համապատասխան մեկնաբանությամբ։ Այդ ժամանակ պետությունը, որի հիմնադիրները շատ լավ հիշում էին ГКЧП-ն (ԱԴՊԿ-ն), իսկ 1993-ի հոկտեմբերին հազիվ խուսափեցին կախաղան հանվելուց, չհամարձակվեց փակել ռուսական պատմության ամբողջատիրական էջը․ այդ անհաստատակամության հետևանքները մեզ բախտ է վիճակվել տեսնել հենց հիմա։
Շատ հատկանշական է, որ այդ «ոչ միանշանակ» կոնտեքստում խորհրդանշական առումով ընդգրկվեց նաև Անդրեյ Դմիտրիի Սախարովը՝ մի կողմից, մարդ, ով պատասխանատու է ջրածնային ռումբի ստեղծման համար, մյուս կողմից՝ նշանավոր հասարակական գործիչ և իրավապաշտպան, ով պայքարել է այդ թվում նաև հանուն հայ դիսիդենտների իրավունքների։ Հենց այս «ոչ միանշանակությունն» է, որ թույլ է տալիս տեղավորել Սախարովին ցանկացած կոնտեքստի մեջ։ Անցյալ տարի նշվում էր նրա հարյուրամյակը։ Նախագահ Պուտինն այս առիթով ուղերձ էր հղել, որում, ուշադրություն, նշում էր Սախարովի անգնահատելի ներդրումը երկրի պաշտպանունակության գործում։ Այսինքն՝ այն, ինչ ամբողջ աշխարհն ու առաջին հերթին հենց Սախարովը, չարագործություն էին համարում, Պուտինի տրամաբանության մեջ նրա անժխտելի վաստակն է։ Եվ հակառակը՝ հասարակության առջև նրա իսկական ամակը դառնում է անվայել ուշադրության և հանվում փակագծերից դուրս։
Այնուամենայնիվ, մինչև վերջերս պետությունը ձևացնում էր, թե աչք է փակում իրավապաշտպանների և նրանց գործունեության վրա՝ դիմելով թեև դաժան, բայցև հասցեսական, կետային ռեպրեսիաների։ 2022-ին ընդառաջ սրան վերջ դրվեց «Մեմորիալի» պաշտոնական ջախջախմամբ՝ ոչ թե դրա առանձին ներկայացուցիչների, այլ ամբողջ հաստատության։ Հատկանշական է, որ «Մեմորիալի» լուծարման արարողությունը փաստացի սկսվեց Սովասպանդի մասին ֆիլմի ցուցադրությամբ։ Իշխանություններին կարծես թե ուղղակի զզվացրել էր, որ իրավապաշտպանները քթները խոթում են պատմության՝ ըստ երևույթին, ռուսաստանյան վերնախավի սիրելի գիտության մեջ, որում նրանցից յուրաքանչյուրը իրեն երևելի մասնագետ է համարում։ Պետությունը որոշեց, որ ժամանակն է վերջնականապես մոնոպոլիզացնել պատմությունը մեկնաբանելու և պատմական խորհրդանիշները ներկա տեղափոխելու իրավունքը (այս ամենն, ի դեպ, սկսվել է դեռ «դեմոկրատ» Ելցինի ժամանակ, բայց կիկլոպային այս մասշտաբներին է հասել միայն Պուտինի օրոք)։
Առհասարակ, Պուտինը հուշարձանային պատերազմներ շատ է սիրում։ Տիպական մի դեպք կարելի է հիշել։ 1999 թվականի դեկտեմբեր, Պուտինը վարչապետ է․ շուտով սկսվելու է Չեչնիայի երկրորդ պատերազմը, և Վլադիմիր Վլադիմիրովիչը պարզապես չի կարող չիմանալ Գրոզնին գրոհելու ճշգրիտ ամսաթիվը։ Բայց իր լարված գրաֆիկի մեջ նա ժամանակ է գտնում Լուբյանկայում Անդրոպովի հուշատախտակի հանդիսավոր բացման համար։ Այն, ինչ անիմաստ և անգամ վնասակար մանրուք է թվում, նրա համար այնքան կարևոր նշանակություն ունի, որ նա թողնում է իսկապես կարևոր պետական գործերը և ժամանակ ծախսում սրա վրա։
Ընդ որում, ես վստահ եմ, որ Պուտինն անկեղծ չի հասկանում, թե ինչու են իր ստեղծած ռեժիմը համեմատում ստալինյանի հետ․ զուր չէ, որ իր համար պատմական Ղրիմյան ելույթում նա անթաքույց բշտում է Իոսիֆ Վիսարիոնովիչի դիակը։ Նման բաներ հաճախ են պատահում, երբ հայրենի երկրի պատմությունը սովորում են Լև Գումիլյովով, եթե ոչ ինչ-որ Ֆոմենկոյով։
Ինչ վերաբերում է Սախարովի «տեղափոխությանը» Ստեփանակերտ՝ ոչ մի հստակ բան ասել չեմ կարող։ Իրական պատճառները կարող են շատ տարբեր լինել, բայց նույն խորհրդանշական մակարդակում սա անգամ հիացնող ժեստ է․ աքսորել մեռելին այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի տեսնի։ Գուցե պատգամավոր Միլոնովն այցելի՝ թքելու հուշարձանի վրա։
տե՛ս նաև «Սախարովի արձանն աքսորվել է Արցախ»