Ռուսաստանցի ուլտրաաջական դեպուտատը արժանացել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի հուշամեդալին։
Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին համապատասխան հուշամեդալը հանձնել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 5-ին։
Վիտալի Միլոնովը (Սանկտ Պետերբուրգի քաղաքային դումայի նախկին և Պետդումայի ներկա պատգամավոր) Ռուսաստանում անեկդոտային հոմոֆոբիայի և այլատյացության սիմվոլն է համարվում, հայտնի է որպես խաչակրաց երթերի հետևողական մասնակից և ռուսաստանյան մեմերի մշտական հերոս, որից ամաչում են անգամ քաղաքական գաղափարակիցները (օրինակ՝ «Եդինայա Ռոսիայի» ավելի չափավոր անդամները)։
Միլոնովը համահեղինակել է «նույնասեռականության և մանկապղծության քարոզչության համար վարչական պատասխանատվության» օրինագիծը, որի շրջանակներում առաջարկվում էր պատասխանատվության ենթարկել նաև Rammstein-ին, Մադոննային և Լեդի Գագային։ Նրա անհաջող նախաձեռնություններից են` արգելել նարգիլեն, փակել MTV-ին, Պետերբուրգում ստեղծել բարոյականության ոստիկանության, էմբրիոնին օժտել քաղաքացիական իրավունքներ, արգելել Դարվինի տեսության ուսուցումը և այլն։ 2016 թվականից նա զբաղեցնում է Ռուսաստանի Պետդումայի «Կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի» փոխղեկավարի պաշտոնը։
Հայաստանի ԱԺ նախագահի հուշամեդալին, սակայն, ռուս պաշտոնյան արժանացել է այլ պատճառներով, ավելի կոնկրետ՝ 2021 թվականի դեկտեմբերին արցախցի երեխաներին օգնելու «սոցիալ-մարդասիրական» նախաձեռնության համար, որ կազմակերպվել էր «Ժառանգություն և առաջադիմություն» հիմնադրամի կողմից։
Հայ-ադրբեջանական հակամարտության մասին Միլոնովը վաղուց է խոսում՝ հաճախ հաղորդելով խնդրին հստակ կրոնական ենթատեքստեր։ Պարբերաբար գալիս է Հայաստան, բազմաթիվ այցեր է կատարել նաև Արցախ՝ այդ թվում և 44-օրյա պատերազմի ընթացքում։
Տե՛ս նաև․ Ֆրանսահրեա ֆաշիստի խաչակրաց քարոզարշավը սկսվեց Հայաստանից