Դեկտեմբերի 28֊ին Ռուսաստանի գերագույն դատարանում որոշվեց լուծարել «Միջազգային Մեմորիալ» կազմակերպոթյունը։ Այսօր գերագույն դատարանի օրինակին հետևել է Մոսկվայի պետական դատարանը՝ վճռելով լուծարել նաև «Մեմորիալը»՝ Ռուսաստանի առաջին իրավապաշտպան կազմակերպությունը։
Երեքշաբթի օրը ՌԴ գերագույն դատարանը կայացրել է «Միջազգային Մեմորիալ» կազմակերպությունը լուծարելու վճիռը՝ ամբողջությամբ բավարարելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։ Դատին ներկա էին տասնյակ երկրների դիվանագետներ և մեծ թվով լրագրողներ։ Ներկաները որոշմանը արձագանքեցին «խայտառակություն» («Позор») վանկարկելով։
Դատարանի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ ինչպես «Մեմորիալ»-ի կողմնակիցներից, այնպես էլ քննադատողներից։ Հավաքվածներից առնվազն յոթը բերման են ենթարկվել։
Մեղադրող դատախազներից մեկը հայցը հիմնավորում էր այսպես՝ կազմակերպությունը «փառավոր անցյալի հիշատակման փոխարեն ստիպում է ապաշխարել խորհրդային անցյալի համար»։
Դեկտեմբերի 29-ին Մոսկվայի դատարանում բավարարվեց նաև «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի լուծարման հայցը։ Դատախազները պնդել են, որ կենտրոնի ծախսերի և եկամուտների մասին զեկուցումները լիարժեք չեն և դրա ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ։ Դատախազության մեղադրանքների մեջ տեղ են գտել նաև անչափահասների հոգեբանության և բարոյականության վրա կենտրոնի անբարենպաստ ազդեցութան մասին պնդումներ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը Կարելիայում «Մեմորիալի» մասնաճյուղի տնօրենին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «մանկապղծության և ապօրինի զենք պահելու մեջ»։ Կազմակերպության փաստաբանները դա որակում է քաղաքական որոշումներ և պատրաստվում են բողոքարկել, ինչի համար դատարանը մեկ ամիս ժամանակ է տվեկ։ Կազմակերպության ղեկավար Յան Ռաչինսկին ասել է, որ կփորձեն այլ միջոցներ ձեռնարկել գործունեությունը շարունակելու համար։ «Մեմորիալ»-ը պատրաստվում է դիմել նաև եվրոպական դատարան։
Նոյեմբերի 11-ին գերագույն դատարան է ներկայացվել միջազգային «Մեմորիալը» լուծարելու հայց։ Մինչ այդ կազմակերպությունը մի քանի անգամ տուգանվել է՝ ընդհանուր մոտ 47 հազար դոլարի։
Լուծարման դեմ կազմակերպված առցանց ստորագրահավաքին մասնակցողների թիվը անցել էր 138 հազարը։