Home / Բանակ / 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը գրոհեց Բաքուն

30 տարի առաջ ԽՍՀՄ-ը գրոհեց Բաքուն

Բաքվի ծովախորշի վրա բարձրացող բլուրի այգուց գերեզմանների հավասար գծեր են երևում՝ բաց մարմարի նույնատիպ շարքեր՝ տարբեր ազգությունների տղամարդկանց, կանանց ու երեխաների նկարներով։ Գերեզմանաքարերի վրա մահվան նույն ամսաթիվն է՝ 20.01.1990։ 1990 թվականի հունվարի 20-ին զորքերը Բաքու մտան։ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ խորհրդային բանակը խաղաղ ժամանակ խորհրդային քաղաք գրավեց գրոհով, գրում է Բի֊Բի֊Սի֊ի ռուսական ծառայությունը։

Պաշտոնական վարկածով, զորքերը Բաքու էին մտել հայկական կոտորածը կանխելու նպատակով։ Իրականում ջարդերն այդ ժամանակ դադարել էին, հայերը վտարված էին, իսկ զորքերը՝ Մոսկվայի խոստովանության համաձայն, պետք է կանխեին խորհրդային իշխանության զավթումը Ադրբեջանի ազգային ճակատի կողմից (ԱԱՃ)։


կոտորածներից հետո հայերը հեռանում են Բաքվից

Խորհրդային բանակի կողմից Բաքվի գրավումը, որին մասնակցում էին ավելի քան 40 հազար զինվորականներ, իրականացվում էր անձամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի հրամանատարությամբ։ Մասնակցում էին ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության կոմիտեի զինվորականները, Ռազմածովային նավատորմի հերթափոխային զորքերը։ Կիրառվում էր ծանր ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ, ռազմական նավեր։ Զորքերի տեղափոխումն իրականացվել էր առանց Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պրեզիդիումի հետ համաձայնեցման, այսինքն, ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրությունների կոպիտ խախտմամբ։

Ռազմական ստորաբաժանումների շարժն ուղեկցվում էր քաղաքի խաղաղ բնակչության ու ավտոմեքենաների ուղղությամբ կրակոցներով։ Մինչև կեսգիշեր, երբ Բաքվում դեռ արտակարգ իրավիճակ չէր հայտարարվել, արդեն ինը զոհ կար։ Հունվարի 20-ի առավոտյան ժամը 7-ին, երբ արդեն պարետային ժամ էր հայտարարված, զոհերի թիվը 80-ի էր հասել։ Ամբողջ գործողության արդյունքում սպանվել է ավելի քան 170 մարդ։

Ադրբեջանի հանրապետության Գերագույն դատարանի կայքի տվյալներով, մարդկանց տրորում էին ռազմական տեխնիկայի թրթուրավոր շղթաներով, խորհրդային բանակն ավելի քան 200 տուն ու բնակարան է ավիրել, ավելի քան 90 մեքենա՝ այդ թվում շտապ օգնության 7 ծածկակառք, ոչնչացվել է շուրջ 6 միլիոն սովետական ռուբլի արժողությամբ պետական ու մասնավոր գույք։

1990 թվականի հունվարի 22-ին Ադրբեջանը հրաժեշտ էր տալիս ագրեսիայի զոհերին։ Երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։ Հուղարկավորման արարողություններին ու բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան 2 միլիոն բաքվեցի։

2020 թվականի հունվարի 20-ին Ադրբեջանում հիշատակի միջոցառումներ են իրականացվում։

լուսանկարները՝ Ազերթաջ պետական տեղեկատվական գործակալություն