Պահպանողական կուսակցությունը վաղը՝ հունիսի 14-ին, ժամը 12-ին կազմակերպում է այցելություն Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու 1920-1991թթ. հանիրավի բռնադատվածների՝ Երևանի բանտում կացնահարվածների, գնդակահարված ու աքսորված հազարավոր սպաների, սպանված հարյուրավոր մտավորականների, աքսորված տասնյակ հազար ներգաղթյալ սփյուռքահայերի, բռնագաղթի ճանապարհին ցրտից ու քաղցից մահացածների, հարյուր հազարավոր անմեղ զոհերի անմար հիշատակին։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ը 2006թ.-ին ներառվել է ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում և նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր, քանի որ Ցեղասպանությունից հետո հայերի ամենազանգվածային տեղահանությունը կազմակերպվել է 1949թ. հունիսի 14-ին։ Խորհրդային տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ ՀՀ-ում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան։
Օրեր առաջ Պահպանողական կուսակցությունը կոչով դիմել է ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների հիշատակին: