Home / Ոստիկանություն / Արդյոք Ստեփանակերտում գործում են խորհրդային դատարանի որոշումները

Արդյոք Ստեփանակերտում գործում են խորհրդային դատարանի որոշումները

2017 թ. ապրիլին Վանաձորի բնակիչ Մ. Ս.-ի բնակարան են այցելել Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի 2 աշխատակից և հայտնել, որ իրենց «Ստեփանակերտի քրեականի պետ Ջալավյանն է ուղարկել»: Դեպքը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), ում իր իրավունքների պաշտպանության համար դիմել է Մ․Ս․֊ն։

Ոստիկանների միջոցով Ջալավյանը հեռախոսով զրուցել է Մ. Ս.-ի հետ և ասել, որ նա կամ պետք է ներկայանա ԼՂՀ Ոստիկանություն, կամ ուղարկի իր նկատմամբ դեռևս 1989 թ. հունիսի 29-ին կայացված դատավճիռը:

Մ. Ս.-ն պատմել է, որ 1989 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռևս խորհրդային կարգեր էին տիրում, ազատազրկման է դատապարտվել զենքի ապօրինի ձեռքբերման պատճառով և սկզբնական շրջանում պատիժը կրել Շուշիում: Ապա նրան տեղափոխել են Աստրախան քաղաքի քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ փախուստի է դիմել ու վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու նպատակով:

«Կազմակերպությունը 2017 թ. մայիսի 5-ին դիմել է Ստեփանակերտի ոստիկանության վարչություն՝ Մ. Ս.-ին ԼՂՀ ոստիկանություն հրավիրելու պատճառների և նրա ունեցած դատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: 2017 թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանը պատասխան գրությամբ տեղի ունեցածը մեկնաբանել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանից ստացված գրությամբ: Ըստ ԼՂՀ ոստիկանապետի՝ դրանով Ստեփանակերտի դատարանի դատավոր Մ. Ավանեսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանի 1990 թ. ապրիլի 10-ի որոշմամբ՝ Մ. Ս.-ի նկատմամբ «հարուցված քրեական գործը կասեցվել է մինչև նրա հայտնաբերվելը և որ վերջինիս նկատմամբ անհրաժեշտ է հետախուզում հայտարարել»», ֊ նշված է ՀՔԱՎ֊ի տարածած հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունն ընդգծում է, որ Ստեփանակերտի ոստիկանության պետի հետ զրույցում Մ. Ս.-ն տեղեկացրել է, որ դրա համար ինքն արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել: Չնայած դրան՝ ոստիկանապետը պնդել է, որ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ կամ ներկայացնել դատարանի վճիռը, այլապես հետախուզում կհայտարարեն:

«ԼՂՀ ոստիկանապետի մեկնաբանմամբ՝ «նրան առաջարկվել է ներկայանալ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարան՝ պարզաբանելու իր հետ կապված հարցերը»: Առանց որևէ օրինական հիմնավորում ներկայացնելու Մ. Ս.-ին Ստեփանակերտ կանչելու վերաբերյալ՝ ԼՂՀ ոստիկանապետը վերջում առաջարկել է մանրամասներն իմանալ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Ավանեսյանից: Թե ինչու է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը մտահոգել Խորհրդային Միության դատարանի՝ դեռևս 1990 թ.-ի որոշումների կատարման ճակատագիրը, գրությամբ չի պարզաբանվում», ֊ գրում է ՀՔԱՎ֊ը: