ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մայիսի 15-ին «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ օրենքի առաջին մասի հետ խնդիր չունի, իր դժգոհությունն այն ատավիզմին է վերաբերում, որը մնացել է Խորհրդային Միությունից (պատվավոր կոչումներին):
«Իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սովետիզմի հոտ է գալիս, ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում ես: Հիմա ես առաջարկում եմ որևէ լուսամուտ բացել, որ էդ գարշահոտը չլինի: Պարոն Շարմազանով, քանի որ բոլորի ելույթները մեկնաբանեցիք, պետք է ասեմ, որ իմ այս առաջարկը բխում է Հանրապետական կուսակցության հիմնադիր, իմ լավ բարեկամ, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի մոտեցումներից, ով իր կյանքը նվիրել է խորհրդային ռեժիմի դեմ պայքարին, և կարծում եմ՝ կտարակուսեր, որ հանրապետականը պաշտպանում է նման բան: Ասացիք, որ մեր երկրում ընդունված խրախուսման ձև է, այդպես չէ, սա խորհրդային կայսրությունում ընդունված խրախուսման, արտիստներին կաշառման նորմ էր, որ ժառանգվել էր Ցարական Ռուսաստանից, երբ ասում էին՝ իմպեռատորսկի արտիստ: Քննարկենք, մտածենք, առաջարկենք, սա անենք, լավ արտիստի դեմ չեմ սա խոսում, լավ արտիստին կարելի է տալ շքանշան, այն էլ՝ մի քանիսը, հերոսի կոչում կարելի է տալ, Շառլ Ազնավուրին տվեք ցանկացած շքանշան: Ասում եք՝ ինձ համաշխարհային փորձը կուղարկեք, ես ձեզ ուղարկեմ համաշխարհային փորձը»,- ասել է նա՝ կոչ անելով իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն փնտրել այդ բառակապակցությունը, կտեսնեն առանձին բացատրություն՝ «Խորհրդային միությունում ընդունված կոչում»:
Ըստ Արզումանյանի՝ գերմաներենում ուղղակի, քանի որ իրենք էլ «մեր բախտակիցն են եղել», բերում է որպես՝ ԳԴՀ-ում ընդունված կոչում: Պատգամավորը նշել է, որ մեր բոլոր նախկին բախտակիցները Արևելյան Եվրոպայում՝ անկախությունը հռչակելուց հետո առաջին օրենքը, որ ընդունել են, լյուստրացիայի մասին օրենքն է եղել, երկրորդով հրաժարվել են այս աբսուրդից, ընդ որում՝ Վիետնամում կարծեք թե պահպանել են:
«Երախտագիտության, աշխատանքային վաստակի համար մեդալ՝ դա շատ լավն է, նորմալ է, տվեք, խրախուսեք, ծնողական փառքի մեդալ՝ այ ստեղից գալիս է բանը, սա «օրդեն մատերինսկոյ սլավի»-ն է, որ վերանվանվեց «օրդեն ռոդիտելսկոյ սլավի», ընդ որում՝ եթե չորս երեխա ունես, մեդալ ես ստանում, եթե յոթը՝ օրդեն: Հիմա մենք մի հատ մեդալ ենք ստացել, վեցի դեպքում տալիս ենք, ռուսիզմ է լրիվ, անհասկանալի է՝ ինչի պիտի մեր բյուջեն ծախս դնի ժողովրդական արտիստին կամ նկարչին ամենամսյա փող տա, ինչի պետք է աշխատավորներն իրենց հարկերից փող փոխանցեն ինչ-որ մեկին, ով թեկուզ շատ հրաշալի արտիստ է, բայց՝ մեդալ տվեք, թող գնա, երկրորդ՝ ի՞նչ խտրականություն է. ժողովրդական նկարիչ կա, արխիտեկտոր չկա, խորացել եք, գնացեք մինչև վերջ, վերցրեք, լրիվ ռուսականը կրկնեք, Ռուսաստանում հրաշալի բաներ կան ՝ «զասլուժեննի ռաբոտնիկ ժիլիշնո-կոմունալնովո խոզյայստվա», «լյոխկոյ պռոմիշլեննոստի», «շտուրման-իսպիտատել», էկոլոգ, ամեն ինչ էլ կա՝ «իզոբրետատել», «կոնստրուկտոր», էլի կան, 67 կոչում կա»։
Արզումանյանի խոսքով՝ վաստակավոր մարդկանց տրվում է կոչում, որ գան, պաշտպանեն ընտրությունների ժամանակ, դա ներքին օգտագործման բան էր, դրա համար պատգամավորը կոչ է արել մտածել, վերհիշել իրենց կուսակցության հիմնադրի անցած ճանապարհը, գուցե արժե ավելացնել մեդալը, բայց նման բաներ որևէ մեկին պետք չեն:
Պատգամավորի խոսքով՝ չի հնչում, զավեշտալի է անգամ՝ եթե մարդ օտարերկրյա երկիր գնա հյուրախաղերի և ասի՝ ես վաստակավոր կոլեկտիվ եմ ներկայացնում, մարդիկ ծիծաղելու են, ինչ ասել է վաստակավոր կոլեկտիվ: «Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հանրապետության վաստակավոր երգիչ է. դա աբսուրդ է, բայց նա պատվո լեգեոնի շքանշանի դափնեկիր է, սա պատիվ է»,- ասել է Արզումանյանը՝ հավելելով, որ դեմ է խորհրդային ժառանգությունից մնացած յուրաքանչյուր անախրոնիզմի: