Չեխիայի արտգործնախարարությունը չի կարող միջամտել Պրահայի 6-րդ թաղամասի իշխանությունների գործողություններին։ Այս մասին նշված է նախկին խորհրդային 5 երկրների դեսպաններին ուղղված Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկու նամակում։ Համապատասխանաբար, տեղական իշխանությունների գործողություններին չեն կարող միջամտել նաև այլ երկրների դեսպանները։
Նշենք, որ խնդիրը կապված է ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի արձանի հետ, որը տեղադրված է Պրահա 6-ում։ Տեղական ինքնակառավարման մարմինը 2017-ի աշնանը որոշում էր կայացրել ճշգրտել Կոնևի արձանի վրա փակցված ցուցանակը, որի վրա նախկինում նշված էր, որ մարշալը ղեկավարել է 1945 թվականին Պրահայի ազատագրման գործողությունները։ Պրահա 6-ի թաղապետարանի որոշմամբ՝ ցուցանակի վրա ավելացվել էր, որ Կոնևը մասնակցել է 1956 թվականին Հունգարիայում կոմունիստական իշխանությունների դեմ ընդվզման ճնշմանը և խորհրդային զորքերը պատրաստել է 1968 թվականին Չեխոսլովակիա ներխուժմանը։
Ցուցանակի այդ փոփոխության դեմ բողոքել էին Հայաստանի (Տիգրան Սեյրանյան), Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները՝ նշելով, որ նոր ցուցանակը նվազեցնում է արձանի կարևորությունը և անարգում ֆաշիզմի դեմ պայքարում ընկած մարդկանց հիշատակը։
Չեխիայի արտգործնախարարության կայքում հրապարակված Մարտին Ստրոպնիցկու պատասխանում դեսպանների նամակը որպես անիմաստ ժեստ է որակվում։
Նա նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը խորապես գնահատում է նացիզմի դեմ պայքարում զոհված բոլոր մարտիկներին, նացիզմի զոհերին։ Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծում է, որ տեղական իշխանություններն իրավաբանորեն անկախ հաստատություններ են, ընտրվում են քաղաքացիների կողմից, ունեն իրենց սեփական ակտիվներն ու բյուջեն, և մեկն են երկրի ժողովրդավարությանն անկյունաքարերից։
Նախարարը նաև ընդգծում է, որ Կոնևի արձանի համար իրենք մշտապես հոգ են տանում։