Նոյեմբերի 5-ին Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանին ոստիկանները տվել են «Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ» բառերով սկսվող ինֆորմացիոն թերթիկ: Սուրեն Սահակյանը Epress.am-ին հայտնել է, որ բերման ենթարկելուց հետո ինքը պահանջել է, որ իրեն ասեն, թե ինչ ընթացակարգով է անցնելու անձի զննությունը։ Սահակյանին վերոնշյալ գրառմամբ թերթիկ են հանձնել, որը նա հրաժարվել է կարդալ՝ ոստիկաններին ասելով, որ ԽՍՀՄ օրենսդրությունը չի կարող իրեն վերաբերել, քանի որ այդ երկիրը արդեն 23 տարի է՝ չկա:
Դեպքը մեկնաբանելով՝ Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ին ասել է, որ ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիներին հանձնվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հատվածներ պարունակող թերթիկներում «մեկումեջ» հանդիպում է «ԽՍՀՄ» բառը:
Մալխասյանի խոսքով՝ սա պայմանավարոված է այն փաստով, որ օրենսգիրքն ընդունվել է դեռևս խորհրդային տարիներին՝ 1985 թվականին: Մեր այն դիտարկմանը, թե Օրենսգիրքը փոփոխությունների է ենթարկվել և ԽՍՀՄ օրենքին հղում անող հոդվածները ուժը կորցված են համարվել, մեր զրուցակիցը պատասխանել է, թե որոշ հոդվածներ պահպանվել են:
Սուրեն Սահակյանը 9 ակտիվիստների թվում բերման էր ենթարկվել 2014 թվականի նոյեմբերի 5-ին՝ քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին և ընկերներին սատարող ակցիայի ժամանակ։ Նրանց նկատմամբ արձանագրություններ էին կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը)։