Մոտ մեկ տասնյակ բռնադատվածներ* այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց պահանջում էին վերականգնել իրենց տրամադրվող արտոնությունները։ Ըստ հավաքվածների՝ նախկինում իրենք օգտվել են մի շարք արտոնություններից, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում դադարեցրել են տրամադրել։
«Բացարձակապես ոչ մի բանից չենք օգտվում, օրինակ կոմունալները զեղչով մուծել և այլն։ Սկզբում տրանսպորտն անվճար էր, հետո դարձավ ամիսը երեք ու կես հազար ու վերացավ։ Օրինակ, ես տարին մեկ անգամ պետության հաշվին կարող էի գնալ մորս գերեզմանին այցի։ Քոչարյանը էկավ ու հանեց էդ արտոնությունները»,֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է Վալենտինա Մարտիրոսյանը։
Հարյուրավոր բռնադատվածներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդիրը լուծելու խնդրանքով։
«էնտեղ գրեցի, որ ուրիշ երկրները միլիոններով փոխհատուցում արեցին բռնադատվածներին, իսկ մեր երկրից մենք հազիվ վարկ ենք ստացել՝ այն էլ տոկոսով»,֊ ասել է մեր զրուցակիցը։
Նա նշել է, որ մինչ այժմ որևէ պատասխան կառավարությունից չեն ստացել․ «Հենց ընդունարանից նամակ եմ հղել, հարյուրավոր բռնադատվածներ ստորագրել են, ու ոչ մի պատասխան չկա։ Կարծում եմ՝ վարչապետին չի հասնում մեր նամակը»։
Նախորդ կառավարությանը ևս մի քանի անգամ դիմել էին, բայց նրանց նամակներն անտեսվել է․ «Դիմել եմ ոնց որ հիմա։ Եթե հիմա չի հասնում, էն ժամանակ թքած ունեին մեզ վրա»։
Ըստ հավաքվածների՝ մոտ 2000 բռնադատվածներից այսօր ողջ են 200֊250֊ը․ «Մի՞թե հնարավոր չէ ընդամենը այդքան բռնադատվածների հարցը լուծել։ Մեր պահանջը վարկային լուծը թեթևացնելն է, կամ ընդհանրապես փոխհատուցում տրամադրելը, կամ այդ վարկի տոկոսը գոնե հանելը, մեկ էլ արտոնությունները վերականգնելը»։
Վալենտինա Մարտիրոսյանը կարծում է, որ բռնադատվածների խնդիրը լուրջ չի ընկալվում։
«Երբ ասում ենք բռնադատված ենք, որտեղ մտնում ենք, ծիծաղում են, մի բան էլ ձեռ են առնում բոլոր հիմնարկները։ Ընդամենը 25 թե 28 տարով տրամադրվող արտոնյալ վարկն էր տան համար, էն էլ պայքարով ենք ստացել», ֊ եզրափակել է նա։
*Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ: