հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Առևանգումների հերթական ալիքը Չեչնիայում արդարացնում են «արյան վրեժով»

Առևանգումների հերթական ալիքը Չեչնիայում արդարացնում են «արյան վրեժով»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի միանգամից 6 քննադատներ հաղորդել են իրենց բարեկամների անհետացման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ընդդիմադիրները վստահ են, որ իրենց հարազատներին առևանգել են չեչենական իշխանությունները` իրենցից վրեժ լուծելու համար։

Առևանգման մասին առաջին դեկտեմբերի 22-ին ահազանգեց հայտնի բլոգեր Թումսո Աբդուրահմանովը։ Նրա հրապարակած ցուցակում 9 հոգի կար, որոնցից երեքը իր կնոջ բարեկամներն էին։ Հաջորդ օրը Աբդուրահմանովի տելեգրամյան ալիքին անծանոթ համարից նամակ էր եկել, որում հեղինակը սպառնում էր նրա հարազատների լուսանկարներն ուղարկել «մահամերձ վիճակում», ինչպես նաև սեռական բռնության ենթարկել իր զարմուհուն։ Անանուն հեղինակն այնուհետև պահանջել էր բլոգերից, որ տեսանյութ հրապարակի ու ներողություն խնդրի Կադիրովից։

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում անհետացան ևս 5 չեչեն ընդդիմադիրների` բլոգերներ Մինկայիլ Մալիզաևի ու Հասան Հալիթովի, Human Rights Center Ichkeria ՀԿ-ի տնօրեն Ասլան Արցուևի, «Վայֆոնդ»-ի (աջակցություն է ցուցաբերում Շվեդիայի չեչեն փախստականներին) ղեկավար Մանսուր Սադուլաևի և «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» աշխատակից Աբուբաքար Յանգուլաբևի հարազատները։

Գրեթե բոլոր այս մարդիկ ապրում են արտերկրում և երկարամյա տարաձայնություններ ունեն Չեչնիայի իշխանությունների հետ։ Թումսո Աբդուրահմանովի վրա մի անգամ արդեն կացինով են հարձակվել։ Դրանից առաջ էլ Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը նրան սպառնացել է արյան վրեժով։

«Ընդդեմ խոշտանգումներ կոմիտեի» աշխատակից Աբուբաքար Յանգուլբաևի հաշվարկներով՝ իր շուրջ 40 բարեկամներ արդեն անհետացել են։

«Գուցե և ավելի շատ է, գուցե՝ ավելի քիչ։ Ես մոտավոր եմ հաշվել, թե ում կարող էին տանել ու ընկերներիս խնդրել եմ [նրանց] տները ստուգել։ Որոշ տներ փակ էին, լույսն էլ՝ անջատված»,- պատմել է իրավապաշտպանը։

Յանգուլբաևի հարազատների հետ չի շփվում դեռ 2017 թվականից՝ Չեչնիան լքելու պահից։ Իր խոսքով՝ կապերը նա հարազատների հետ խզել է հենց իրենց պաշտպանելու նպատակով: Իրավապաշտպանի պնդմամբ՝ Չեչնիայի գործող ռեժիմին ընդդիմանալու պարագայում՝ վստահաբար կարող են տուժել նաև տվյալ մարդու բարեկամները։ Հաճախ էլ բարեկամները հրապարակավ հրաժարվում են ընդդիմության կողմն անցած մարդուց։

BBC-ի ռուսական ծառայությունը հարցումներ է ուղարկել Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իլման Վահիդովին և տպագրության նախարար Ահմեդ Դուդաևին, սակայն պատասխան տվյալ պահի դրությամբ չի ստացվել։

Կոլեկտիվ պատասխանատվություն

Չեչնիայում առևանգումներ տեղի են ունենում ամեն տարի։ 2020-ի սեպտեմբերին անհետացավ ընդդիմադիր «1ADAT» շարժման տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Սալման Տեպսուրկաևը։ 19-ամյա տղային այդպես էլ չգտան։ ՄԻԵԴ-ը առևանգման համար պատասխանատու ճանաչեց Ռուսաստանին։

Իրավապաշտպանները վստահ են, որ առևանգման հետևում Չեչնիայի ուժայիններն են կանգնած։ Հետախույզ Խրիստո Գրոզևի պնդմամբ՝ Թումսո Աբդուրահմանովին սպառնալիքներ ուղարկած մարդու հեռախոսահամարը պատկանում է Չեչնիայի Արագ արձագանքման հատուկ ջոկատայինի ։

Ընդդիմադիրների բարեկամների վրա ճնշում գործադրելը ևս նորույթ չէ։

«Մենք մշտապես բախվում ենք դրա հետ․ բարեկամներին տանում են, ծեծում, ունեցվածքը վերցնում․․․Այս երևույթի ամենառադիկալ դրսևորումը տների պատժիչ հրկիզումներն են։ Դա տարածված պրակտիկա էր ենթադրյալ գրոհայինների բարեկամների նկատմամբ։ Նախ նրանց վրա ճնշում էին գործադրում՝ փորձելով գրոհայիններին անտառից դուրս բերել։ Եթե դա չէր աշխատում, ապա մարդկանց տներից վռնդում էին ու այրում դրանք՝ ամբողջ գյուղի աչքի առաջ», – BBC-ին պատմել է Ռուսաստանում Human Rights Watch-ի ծրագրերի համակարգող Տատյանա Լոկշինան, ընդգծելով՝ Չեչնիայում կադիրովյան իշխանությունը հենվում է հենց մարդկանց վրա բարեկամների միջոցով ճնշում գործադրելու վրա։

«Կոլեկտիվ պատասխանատվությունը ամբողջ աշխարհի օրենսդրությամբ արգելված է, բայց Կադիրովն այն ակտիվորեն կիրառում է», – պատմում է Յանգուլբաևը։

«Խոսքը բարեկամների մասին է, ովքեր [ընդդիմադիրների հետ] չեն շփվում, կապ չեն պահում նրանց հետ, նրանց վրա որևէ ազդեցություն չունեն։ Նրանց մի մասին, իհարկե, բաց կթողնեն։ Ապօրինաբար այդքան մարդու պահելը խնդրային է անգամ Չեչնիայի իրողություններում», – հավելել է «Ընդդեմ խոշտանգումներ կոմիտեի» հյուսիսկովկասյան բաժնի ղեկավար Մագոմեդ Ալամովը։

Թումսո Աբդուրահմանովի բարեկամների մեծ մասն, իրոք, մի քանի օր անց տուն են վերադարձել։ Անհայտ է մնում նրա հարազատներից հինգի ճակատագիրը, այդ թվում՝ իրավապաշտպանի զարմուհունը, ում սպառնում էին բռնաբարությամբ։

Առևանգված բարեկամները հաճախ վերադառնալուց հետո չեն համարձակվում պատմել, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել։ Երբեմն նման դեպքերն առհասարակ չեն հանրայնացվում։ Թե ընդդիմադիրները, թե նրանց բարեկամները հաճախ լռում են՝ հույսները դնելով «կադիրովականների ողջամտության վրա»։

«Ընդդեմ խոշտանգումների կոմիտեն» փաստաբան է ուղարկել նոր վերադարձած բարեկամների մոտ։ Վերջինիս, իր խոսքով, զգուշավորությամբ են դիմավորել, երկար չեն խոսել ու հավաստիացրել են՝ «չէ, չէ, մեզ հետ բան էլ չի եղել»։ Մարմնի տեսանելի հատվածներին, համենայնդեպս, փաստաբանը վնասվածքներ չի նկատել»։

«Մեզ մոտ ոչ ոք արյան վրեժը չի չեղարկել»

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռամզան Կադիրովին հարցրել են ընդդիմադիրների անհետացած բարեկամների մասին։ Ի պատասխան՝ Չեչնիայի ղեկավարը սկսել է խոսել ընտանիքի պատվի և արյան վրեժի մասին։

«Ընտանիքի պատվին, արժանապատվությանը ձեռք տալ չի կարելի։ Ինձ սպանեք․ ես քաղաքական գործիչ եմ, մարտիկ եմ” Բայց ընտանիքի պատվին, կանանց՝ դրանց ձեռք տալը, դրանց մասին խոսելն անթույլատրելի է” Իսկ նրանք (ընդդիմադիրները – խմբ․) շատ բան են ասում։ Չգիտեմ, հավանաբար՝ այն մարդկանցից մեկը, ում նրանք վիրավորել են, տարել են իրենց կանանց ու քույրերին։ Տարել ու նույնն են արել, ինչ նրանք են երազում անել, երբ հնարավորություն ունենան մեզ սպանելու։ Սա պատերազմ է, նրանք՝ ահաբեկիչներ։ Եվ ահաբեկչության աջակիցներն ու նրանք, ովքեր չեն կարողանում կառավարել իրենց երեխաներին, պիտի պատասխան տան։ Մեզ մոտ ոչ ոք արյան վրեժը չի չեղարկել, պատիվն ու արժանապատվությունը չի չեղարկել», – ասել է Կադիրովը։

Իրավապաշտպան Աբուբաքար Յանգուլբաևը BBC-ի հետ զրույցում հիշեցրել է՝ Չեչնիան Ռուսաստանի Դաշնության մաս է կազմում, որտեղ արյան վրեժի համար բարձրագույն պատիժ է սահմանված։

«Բացի այդ, արյան վրեժ լուծում են այն մարդուց, ով ինչ-որ մեկին սպանել է։ Անձամբ ես կամ իմ բարեկամներից որևէ մեկը ոչ ոքի չենք սպանել։ Բայց նա ամեն ինչ իր ձևով է մեկնաբանում։ Շարիաթ, ադաթներ, աշխարհիկ օրենսդրություն ու Կադիրովի անձնական համոզմունքներ․ նա ամենն իրար է խառնել և ներկայացնում է իր անձնական ընկալման միջոցով», – նշել է իրավապաշտպանը։

Իսկ Տատյանա Լոկշինայի կարծիքով՝ հատկանշական է, որ այս անգամ Չեչնիայի իշխանությունները ճնշում են գործադրում Կադիրովի միանգամից մի քանի ընդդիմախոսների վրա։ Այսինքն, ըստ Լոկշինայի, սա զանգվածային հարձակում է, որի պատճառները դեռևս պարզ չեն։