Գերմանիայում կանխվել է չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրահմանովի եղբոր՝ Մոհամմադ Աբդուրահմանովի նկատմամբ մահափորձը։ Այս մասին յութուբի իր բլոգում հայտնել է Թումսոն․ «Մարդասպանը ձերբակալված է, զենքն առգրավված է, քննություն է ընթանում»։
Յութուբում հրապարակած տեսանյութում Թումսոն պատմում է, որ սպանության կազմակերպումը հանձնարարված էր Փարուդի Էդելգերիևին՝ Ռամզան Կադիրովի ոչ հարազատ եղբորը։ Էդելգերիևը գտել է Գերմանիայում բնակվող միջնորդի՝ Վալիդ Դադակաևին, ու փոխանցել գումարը։ Նախատեսվող սպանության գործիք մակարովի ատրճանակը Դադակաևը գնել է իր ազգականից՝ Ռոման Ցակաևից։ Վերջինս Թումսոյին հայտնի էր իր՝ 2019 թվականին բլոգերի հասցեին վիրավորական տեսանյութից։
Այս ընթացքում Էլդերգերիևը գտել է մարդասպանի՝ Թամերլան Աուրբիևին, ով ավելի վաղ կռվել է Չեչնիայի հանրապետության զորքերի կազմում՝ ընդդեմ դաշնային ուժերի, հետո կալանավորվել ու համաներման է արժանացել Ռամզան Կադիրովի կողմից։ Անօրինական ճանապարհով Եվրոպա է տեղափոխվել։ Մաքսանենգության մեղադրանքով Աուրբիևն ու Դադակաևը ձերբակալվել են ու ազատ արձակվել մի քանի հազար դոլար տուգանք վճարելուց հետո։ Ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպել են, հետևել Մոհամմադ Աբդուրահմանովին, պարզել նրա գտնվելու վայրերն ու ընտրել սպանության համար ամենահարմար տեղը։
Վերջին պահին Աուրբիևը կապնվել է Աբդուրահմանով եղբայրների հետ ու հայտնել սպասվող հարձակման մասին։ Այժմ նա գերմանական ոստիկանության պաշտպանության տակ է։ Ինքը՝ Մոհամմադ Աբդուրահմանովը, հայտնել է, որ նախատեսվող սպանության մասին Աուրբիևից իմացել է մի քանի ամիս առաջ։ Վերջինս նշել է, որ սպանության համար իրեն կես միլիոն եվրո են խոստացել։
«Հետաքննությամբ զբաղվում են Գերմանիայի դաշնային դատախազությունն ու ֆեդերալ քրեական ոստիկանությունը։ Փաստը, որ այս գերատեսչություններն իրենց վրա են վերցրել գործի քննությունը, արդեն խոսում է այն մասին, որ գերմանական իշխանություններն այստեղ այլ պետությունների կողմից հանձնարարված պատվերով սպանության հետք են տեսնում», – Կավկազ․ռեալիի-ին տված հարցազրույցում ասել է Մոհամմադ Աբդուրահմանովը։
Հիշեցնենք, որ բլոգեր Թումսո Աբդուրահմանովի վրա վերջին անգամ հարձակում էին գործել անցյալ տարվա փետրվարին։ Քնած ժամանակ վարձու մարդասպանը մուրճով հարվածել էր Թումսոյի գլխին։ Վերջինիս հաջողվել էր խլել մուրճն ու ոստիկանություն զանգել։
Ձերբակալված տղամարդը պատմել էր, որ ինքն իրականում չէր ցանկանում սպանել բլոգերին։ Նշել էր, որ հրամանը «Գրոզնու մարդկանից» է ստացել, իսկ սպանության դիմաց 50 հազար եվրո են խոստացել։