Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների օրոք համայնքապետարանում թույլ են տրվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխհատուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները, հաղորդում է Դատախազությունը։
«Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի նախկին համայնքապետ Գ.Ս.-ի՝ 2008-2016թթ.-ին որպես համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում,
համայնքի բյուջեից ավագանու որոշումների հիման վրա, որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4մլն դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին:
Նշված գումարից մոտ 1.8մլն դրամ գումարի, որպես ուսման վարձ, փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները բացակայում են: Բացի այդ, ըստ հաղորդագրության, Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն, երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր շուրջ 2մլն դրամ, ինչը,
որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին, այդ թվում՝ իր հետ ազգակցական կապեր ունեցող անձին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամին:
Սակայն այդ կապակցությամբ կազմված և հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն: Նշված գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս», – ասված է Դատախազության հաղորդագրությունում։
Մյուս դեպքով էլ, ըստ աղբյուրի, նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., ավագանու որոշումների հիման վրա,
համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն դրամ գումար: Սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։
Նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործերն ողարկվել են Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: