Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր Մահոմեդ Միրզալիին շանտաժի են ենթարկում քրոջ ինտիմ տեսանյութերով, յութուբի իր ալիքում հրապարակած հոլովակում պատմում է ընդդիմադիրը։
«WhatsApp մեսենջերի միջոցով ինձ ինտիմ տեսանյութ են ուղարկել քրոջս ու նրա ամուսնու մասնակցությամբ։ Ինչ-որ մեկը տեսախցիկ է տեղադրել նրանց ննջասենյակում», — պատմում է Միրզալին։
Հետո ընդդիմադիրին զանգել ու պահանջել են այլևս հրապարակայնորեն չխոսել․ «Հակառակ դեպքում սպառնում էին տարածել տեսանյութը»։
27-ամյա Մահոմեդ Միրզալին Ադրբեջանից հեռացել է մի քանի տարի առաջ։ Պատճառը ուժայինների կողմից իրականացվող հետապնդումներն էին, որոնք էլ ավելի էին ուժգնացել զինվորների մահացության դեմ Գյոքչայ քաղաքում կազմակերպված բողոքի ակցիայից հետո։
Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միրզալին հոլովակներ ու գրառումներ էր անում, որոնցում խստորեն քննադատում էր Ադրբեջանի գործող իշխանություններին։ Այդ հրապարակումներից հետո հետապնդումներ էին սկսվել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Օրինակ, ավանդական դարձած՝ «ապօրինաբար թմրանյութեր պահելու» մեղադրանքով ձերբակալվել էր ընդդիմադիրի քրոջ ամուսինը։ Որոշ ազգականներ ճնշումների պատճառով ոստիկանությունում դիմում էին գրել Միրզալիի հետ ազգակցությունից հրաժարվելու մասին։
Մտերիմ հարազատների մասնակցությամբ ինտիմ տեսանյութերով շանտաժի են ենթարկվել նաև այլ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ ու լրագրողներ։ Այդ թվում են լրատվական գործունեությամբ զբաղվող Խադիջա Իսմայիլը, Գան Թուրալին, Հանիմաթ Զահիդը, ընդդիադիր Քյամալ Բենենյարլին, Ազեր Ահմեդովը, Նաթիկ Ադիլովը և շատ ուրիշներ։
Հատկանշական էր նախկին ընդդիմադիր, ներկայումս Միացյալ Նահանգների քաղաքացի Սաիդ Նուրիի դեպքը։ 2014 թվականին զուգընկերուհու հետ Բաքու կատարած այցի ժամանակ տեսախցիկ էր տեղադրվել նրանց հյուրանոցային համարում։ Ավելի ուշ այդ տեսանյութերն ակտիվորեն շրջանառվում էին սոցիալական ցանցերում։ Դեպքից հետո Ադրբեջանի իշխանությունները Նուրիին չէին թույլատրում դուրս գալ երկրից՝ պատճառաբանելով, որ նա անցնում ինչ-որ ընթացիկ քրեական գործով։ Ի վերջո ընդդիմադիրը Բաքվից հեռացավ Ամերիկայի պետդեպարտամենտի միջնորդությամբ։