Ռուսաստանը կրկին փոխել է Ուկրաինայում «հատուկ գործողության» իր նպատակները։ Հունիսի 30-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնբասի գրավումն է հիմնական նպատակը և «ոչինչ չի փոխվել»։ Բայց Կիևում կրած պարտությունից հետո Ռուսաստանի նպատակը դարձավ՝ հաստատել լիակատար վերահսկողություն Դոնբասի և հարավային Ուկրաինայի վրա՝ դեպի բռնակցված Ղրիմ ցամաքային միջանցք բացելու համար, մուտք ունենալ դեպի Մերձդնեստր (ինքնավար տարածք Մոլդովայի կազմում) և ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա։
Այժմ Ռուսաստանի հիմնական ուժերը կենտրոնացված են Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։ Ըստ ռազմական փորձագետ Իվան Ստուպակի՝ Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի 60%-ը Դոնբասում է։ Վերլուծաբանների կարծիքով՝ Կրեմլը առաջադրանքներն այժմ հաջորդաբար է կատարում՝ զուգահեռաբարի փոխարեն։ Եվ եթե Ռուսաստանին հաջողվի առաջխաղացում ունենալ Դոնբասում, ապա նրան հասանելի կդառնան շատ այլ տարածքներ։ Հենց այս պատճառով է կարևոր Դոնբասի համար պայքարը։
Ռուսական բանակի գլխավոր առաջնահերթությունն այս փուլում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված և լայնածավալ գնդակոծումն է։ Վիննիցայի վրա հրթիռային հարձակումը այդ մարտավարության մի մասն է, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում:
Լուգանսկի մարզ — Հուլիսի 3-ին ուկրաինական ուժերը դուրս եկան Լիսիչանսկ քաղաքից՝ ամբողջ Լուգանսկի մարզը թողնելով ռուսական վերահսկողության տակ։ Ռուսական ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում դեպի արևմուտք՝ Լիսիչանսկից Սեվերսկի վրա հրթիռակոծությունից և փորձնական հարձակումներից հետո:
Դոնեցկի մարզ — Ռուսական ուժերն այստեղ կենտրոնացած են Սեվերսկ ու Սեվերյանկա քաղաքների վրա, քանի որ ելք են բացում դեպի Կրամատորսկի ու Սլավյանսկի շրջաններ։ «Այս շրջանները հարկավոր են Իզյումիից եկող մեր եղբայրներին օգնելու համար։ Մինչև Սլավյանսկ նրանց մնացել է հաղթահարել տանկի կրակոցի հեռավորություն», – հայտարարել է Լուգանսկի ինքնավար մարզի ՆԳՆ նախարարի օգնական Վիտալի Կիսելևը։
Դոնբասում ռուսական զորքերի նպատակը դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ անցուղի բացելն է։ Բախմուտը, ամենայն հավանականությամբ, կլինի ռուսների հաջորդ թիրախը, եթե նրանց հաջողվի գրավել Սեվերսկը, վստահ է բրիտանական հետախուզությունն ու Ուկրաինայի Գենշտաբը։
Վիննիցիայի մարզ — Ռուսական ուժերը 2 օր առաջ հրթիռակոծել են Վիննիցայի կենտրոնը։ Արդյունքում զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ևս 117 հոգի վիրավորվել է։ 18 մարդ մնում է անհետ կորած։ Հիշեցնենք, որ Վիննիցիան հարավից սահմանակցում է Օդեսսայի մարզին, Մերձդնեստրին ու Մոլդովային։
Խարկովի մարզ — Այստեղ ռուսական զորքերը, ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի, դեռ կենտրոնացած են օկուպացված սահմանները պահելու և ուկրաինական բանակի առաջխաղացումը կանխելու վրա։ Այստեղ ամենօրյա ռմբակոծության տակ են Օդեսան, Նիկոլաևն ու Չուգուևը։
Մարիուպոլ — Քաղաքում մնացել է մոտ 100 հազար խաղաղ բնակիչ, ևս 50-ը՝ շրջակա գյուղերում։ Քաղաքապետարանը զգուշացնում է խմելու ջրի, դեղերի և հակասանիտարական վիճակի պատճառով քաղաքում մահացու համաճարակների մասին և ահազանգում խոլերայի առաջին դեպքերի մասին։
Հյուծման պատերազմ
Ռազմաճակատի ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է փետրվարին Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակից։ Այն ժամանակ Ռուսաստանը հավաքել էր ահռելի ռազմական ուժ, և պնդում էր, որ դա ընդամենը մեծ զորավարժություն է։ Այժմ Պուտինը բացահայտ կերպով խոսում է ամբողջ ուժով ռազմական գործողությունների մասին, բայց փաստն այն է, որ ճակատային տարածքում զանգվածային խմբավորում չի նկատվում։
Ի սկզբանե Ռուսաստանը պատրաստվում էր լրիվ այլ պատերազմ մղել, քան այն ինչ կարելի էր տեսնել մայիս-հուլիսին։ Ներխուժման առաջին շաբաթներին ռուսական զորքերը փորձում էին արագ ու հզոր հարվածներով հյուսիսց ու հյուսիս-արևելքից մտնել Կիև և ճեղքել Դոնբաս։
Երբ ռուսական զորքերը պարտվեցին Կիևի մարտերում, Ռուսաստանը նրանց դուրս բերեց Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերից՝ կենտրոնացնելով ուժերը Դոնբասի մարտերի վրա։
Ապրիլի 22-ին ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Միննեկաևը հայտարարեց, որ սկսվում է հակամարտության երկրորդ փուլը, որի նպատակներն են լինելու «լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի վրա»։
Երկրորդ փուլում ռազմավարությունը փոխվեց․ հակամարտությունը արագ ու ջախջախիչ հաղթանակի հասնելու ձգտումից վերածվեց այսպես կոչված հյուծման պատերազմի, որը չունի միայն մեկ նպատակ։ Այս տեսակ պատերազմում առաջնահերթ խնդիր է դրվում նվազեցնել թշնամու ռեսուրսներն ու թուլացնել տնտեսությունը և բանակը։
«Քիչ հավանական է, որ Ռուսաստանը կարողանա գրավել Կիևը կամ մեկ այլ մեծ քաղաք՝ Խարկովը, Զապորոժիեն կամ Օդեսան»,- ասել է Ռոբ Լին Վաշինգտոնի Արտաքին քաղաքականության ինստիտուտից։
Հատուկ ուշադրության կենտրոնում են Խարկովն ու Խերսոնը, կարծում է իսրայելցի ռազմագետ Դավիդ Գենդելմանը։
«Խարկովի ուղղությամբ մենք տեսնում ենք ՌԴ ԶՈՒ խմբավորման ուժեղացում։ Դա բավական չի լինի Խարկովը գրոհելու կամ գրավելու համար, բայց բավական կլինի Ուկրաինայի ԶՈՒ մեծ խմբավորումը շղթայելու, առանձին շրջաններով քաղաք առաջխաղացման ու հրթիռահրետանային և թնդանոթային հրետանու ռմբակոծումներն ուժեղացնելու համար։ Խերսոնի ուղղությամբ մենք նույնպես տեսնում ենք ռուսական խմբավորման ուժեղացում, այդ թվում՝ Զապորոժիեից ուժերի տեղափոխման միջոցով։
Խերսոնը ռուսական պաշտպանության թույլ կետն է աշխարհագրական պատճառներով՝ պայմանավորված Դնեպրի երկու կամուրջներով մատակարարելու սահմանափակ հնարավորություններով», – ասում է Գենդելմանը։