Բռնազավթված Ղրիմի Նովոֆյոդորովկա բնակավայրի մոտ՝ «Սակի» ռազմական օդանավակայանի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութերը տարածվել են մի շարք պրոռուսական տելեգրամյան ալիքներում։
Ղրիմում Ռուսաստանի կողմից նշանակված առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը հաղորդել է մեկ զոհի մասին։ Hromadske ուկրաինական գործակալության տվյալներով՝ կա 5 վիրավոր, այդ թվում՝ 1 երեխա։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ օդանավակայանը չի հրթիռակոծվել ուկրաինական կողմից։
Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ հրդեհի պատճառները հաստատել չի կարող և հիշեցրել է հրդեհային անվտանգության կանոնների և չսահմանված վայրերում ծխելու արգելքի մասին, հավելելով, որ Ռուսաստանը կարող է օգտագործել հրդեհի փաստը տեղեկատվական պատերազմում։
Hromadske-ի հաղորդմամբ՝ նախագահի գրասենյակում տեղի ունեցածը մեկնաբանել են «ամեն ինչ դեռ նոր է սկսվում» խոսքերով։
«Ռուսաստանի Դաշնության ապառազմականացումը համաշխարհային անվտանգության ապահովման անբաժանելի մասն է»,- պայթյունները մեկնաբանել է նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը, միաժամանակ հաստատելով, որ Կիևը պայթյունների հետ որևէ կապ չունի։
Ղրիմի ղեկավարի խոսքերով՝ օդանավակայանում մի քանի ավիացիոն զինամթերք է պայթել և «իրավիճակը տեղայնացված ու վերահսկելի է»։ Նա նաև հայտնել է, որ Սակիի շրջանում ընդհանուր տարհանում չկա, ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները՝ իրականացվել է միայն օդանավակայանի մոտակա շենքերի 30 բնակչի տարհանում։