Օգոստոսի 20-ին Մոսկվայում պայթեցրել են ավտոմեքենան, որում գտնվում էր 29-ամյա Դարյա Դուգինան՝ «ռուսական աշխարհի» գաղափարախոս և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը և նրա քաղաքական հայացքների հետևորդը։ Դուգինան տեղում մահացել է։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Դուգինայի սպանության մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին։ Կիևը հայտարարել է, որ երիտասարդ փիլիսոփայի մահվան հետ կապ չունի։ Ռուսաստանի ընդդիմախոս և ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարևն, իր հերթին, հայտնել է, որ Դուգինայի մեքենան պայթեցրել է ռուսաստանցի ընդդիմադիրներից կազմված «Ազգային հանրապետական բանակ» խմբավորումը։
Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է իր դստեր մահը և դրանում մեղադրել «նացիստական Ուկրաինային»․ այս մասին իր տելեգրամյան ալիքում հրապարակել է կրեմլական բիզնեսմեն Կոնստանտին Մալոֆեևը։
«․․․Մեզ պետք է միայն մեր Հաղթանակը։ Նրա զոհասեղանին իր օրիորդական կյանքն է դրել իմ աղջիկը։ Ուրեմն հաղթե՛ք, խնդրում եմ։ Մենք ցանկանում էինք նրան խելացի ու հերոս դաստիարակել։ Թո՛ղ, որ հիմա էլ նա սխրանքի ոգեշնչի մեր Հայրենիքի որդիներին», – ասել է Դուգինը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանությունը «նախագծվել և իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից»։ Հանցագործության մեջ մեղադրում են Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկին, որը, ըստ գերատեսչության, հուլիսի 23-ին իր 12-ամյա դուստր Սոֆիա Շաբանի հետ Ռուսաստան է մեկնել։ Նրանք Մոսկվայում բնակարան են վարձել այն շենքում որտեղ մնում էր Դուգինան, գրում է РИА Новости-ն։
Գերատեսչությունը հայտարարում է, որ ուկրաինուհին հետևել է Դուգինային «Մինի կուպեր» մեքենայից, որի համարները 3 անգամ փոխվել են․ Մոսկվա մտնելուց մեքենան երթևեկում էր Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության (ԴԺՀ), Մոսկվայի ներսում ՝ ղազախստանյան, իսկ Ռուսաստանից հեռանալուց՝ ուկրաինական համարներով։ Միջադեպի օրը Վովկը իր աղջկա հետ այցելել է «Традиция» գրական-երաժշտական փառատոնը, որտեղ գտնվում էին Ալեքսանդր Դուգինը՝ որպես մասնակից և նրա դուստրը՝ որպես հարգարժան հյուր։
Միջադեպից հետո, ըստ ФСБ-ի, մեղադրյալները լքել են Ռուսաստանը և մեկնել Էստոնիա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը Դարյա Դուգինայի մահվան հետ որևէ առնչություն չունի։
Ռուսաստանցի ընդդիմախոս Իլյա Պոնոմարևը Утро февраля յութուբյան ալիքի եթերում պնդել է, որ սպանության ետևում կանգնած են ռուսաստանցի ընդդիմադիրները։ Պոնոմարևի խոսքերով՝ նա տելեգրամով կապ է հաստատել «Ազգային հանրապետական բանակ»-ի (Национальная республиканская армия)հետ և վերջինս իր վրա է վերցրել միջադեպի պատասխանատվությունը։ Ըստ Պոնոմարևի, նրանք մտածում էին, որ մեքենայում կլինի նաև Ալեքսանդր Դուգինը։ Եվ պայթեցման օրը նույնպես հատուկ էր ընտրված․ «ուղիղ մեկ տարի առաջ Դուգինը թվիթերում գրել էր այն մասին, որ պետք է սպանել»։
Դուգինի ծանոթների տեղեկություններով՝ պայթեցրած մեքենան պատկանում էր Ալեքսանդր Դուգինին և նրա դուստրը սովորաբար ուրիշ մեքենայով էր երթևեկում։ Սակայն Агентство և Комсомольская правда գործակալությունները պնդում են հակառակը։ Baza և 112 լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպի օրը Դուգինը պետք է տուն վերադառնար իր դստեր հետ, սակայն վերջին պահին ուրիշ մեքենա է նստել։ Նույն աղբյուրները նշում են, որ պայթուցիկը կարող էին տեղադրել փառատոնի ավտոկայանատեղիում։ Դուգինան մեքենան կանգնեցրել է VIP տեղում, որը պատնեշներով սահմանազատված էր և որի մուտքը միայն հատուկ ցուցակով էր, սակայն տեսանկարահանող սարքերն այստեղ չէին աշխատում։