Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցած 2 խոշոր ավտովթարների կապակցությամբ:
Թուրքիայի Մարդին և Գազիանթեփ մարզերում տեղի ունեցած 2 տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է առնվազն 35, վիրավորվել՝ 50 մարդ։
Առաջին վթարը տեղի է ունեցել Գազիանթեփ-Նիզին ավտոճանապարհին։ Մարդատար ավտոբուսը մխրճվել է նախորդ վթարի վայրում աշխատող շտապօգնության, հրշեջ ծառայության ու լրագրողներին տեղափոխող մեքենաների մեջ: Զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 բուժաշխատող, 3 հրշեջ փրկարար և 2 լրագրող, ևս 31 մարդ՝ վիրավորվել, հայտնում է Hurriyet լրատվականը։
Ավելի վաղ նույն ճանապարհին մարդատար ավտոբուսը վթարի էր ենթարկվել։ Մինչ հրշեջներն ու բժիշկներն աշխատում էին դեպքի վայրում՝ մեկ այլ ավտոբուս 200 մետր հեռվից վթարի է ենթարկվել ու սահելով հասել շտապօգնության, հրշեջ ծառայության ու լրագրողների մեքենաներին, հայտնում է շրջանի նահանգապետ Դավուտ Գյուլը։
Երկրորդ վթարը տեղի է ունեցել Մարդին մարզի Դերիկ քաղաքում։ Բեռնատարի արգելակները կոտրվել են և վարորդը քշել է հետիոտների վրա։ Զոհվել է 16, վիրավորվել՝ 29 մարդ, հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։
Ավելի վաղ նույն վայրում 3 ավտոմեքենաներ վրաերթի էին ենթարկվել, և փրկարարներն արդեն դեպքի վայրում էին, երբ բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», – Թվիթերում գրել է Ռուբեն Ռուբինյանը՝ գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտգործնախարարությանը։
Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին «ցավակցական անկեղծ բառերի համար»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Սերդար Քըլըչն էր ցավակցել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։