Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարած զորահավաքից հետո ամբողջ երկրում ակցիաներ են, ցուցարարները հրկիզում են զինկոմիսարիատների և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը։
Ուստ-Իլիմսկ քաղաքի զինկոմիսարիատում 25-ամյա զորակոչիկը կրակ է բացել՝ թիրախավորելով զինկոմիսարիատին։
Ռյազանի ավտոկայաններից մեկում մոբիլիզացված տղամարդը ինքնահրկիզվել է՝ գոռալով, որ չի ուզում գնալ առաջնագիծ։
Իժևսկում տղամարդը ներխուժել է դպրոց՝ սպանելով անվտանգության աշխատակցին ու կրակ բացելով աշակերտների վրա։ Զոհվել է առնվազն 15 հոգի, որից 11-ը՝ աշակերտներ, վիրավորվել՝ 21 հոգի։
Ռուսաստանցիները զանգվածաբար լքում են երկիրը։ Ռուս-վրացական, ղազախական ու մոնղոլական սահմանին 13-17 կիլոմետրանոց հերթեր են, մեքենաները օրերով մնում են կանգնած։ Ավիատոմսերի (եթե սպառված չեն) գները հասնում են մի քանի հազար դոլարի։
Ակցիաներ
Սեպտեմբերի 21-ից մինչ այսօր ցուցարարներին հաջողվել է հրդեհել Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Զաբայկալսկի, Ամուրի, Խաբարովսկի, Կրասնոյարսկի, Կալինինգրադի, Մորդովիայի, Լենինգրադի, Վոլգոգրադի, Իրկուտսկի զինկոմիսարիատները, ինչպես նաև՝ Սամարայի, Վոլգոգրադի, Ալթայի, Լենինգրադի, Բաշկորտոստանի տեղի վարչության շենքերը, այդ թվում՝ «Единая Россия» իշխող կուսակցության գրասենյակը։
Mediazona-ի փոխանցմամբ՝ պատերազմի սկզբից Ռուսաստանում հրկիզվել է 54 զինկոմիսարիատ և վարչական շենք, հայտարարված զորահավաքից հետո գրանցվել է 17 դեպք։
Իրկուտսկի Ուստ-Իլիմսկ քաղաքի զինկոմիսարիատում զորակոչիկը կրակ է բացել՝ թիրախավորելով զինկոմիսարիատի պետին։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Կրակողը ձերբակալվել է։ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նա 25-ամյա Ռուսլան Զինինն է, ով գործազուրկ է։ Զինինը կրակ է արձակել այն պահին, երբ պետը ինստրուկտաժ էր անցկացնում մոբիլիզացիայի ենթարկվող մարդկանց հետ։
Ռյազանի ավտոկայաններից մեկում մոբիլիզացված տղամարդը ինքնահրկիզվել է՝ գոռալով, որ չի ուզում գնալ առաջնագիծ։ Новая Газета-ի տվյալներով՝ երիտասարդը մարմնի մակերեսի 90% այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
https://www.youtube.com/watch?v=eEclXlPwdDc&t=11s
Դաղստանի տարբեր շրջաններում արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են։ Ոստիկանները, կիրառելով բիրտ ուժ և արցունքաբեր գազ, բերման են ենթարկում ցուցարարներին։
Երեկ, ըստ տեղի լրատվամիջոցների, վերջին շրջանի ամենակատաղի ցույցերից մեկն էր մայրաքաղաք Մախաչկալայում։ Հարյուրավոր կանայք դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ մոբիլիզացիայի։ Ցուցարարները բղավում էին՝ «ո՛չ պատերազմին», «ո՛չ մոբիլիզացիային», «մեր երեխաները պարարտանյութ չե՛ն»։ Ոստիկանությունը, կիրառելով բռնի ուժ, բերման է ենթարկել շուրջ 101 հոգու։ Ակցիայի մասնակիցները փորձում էին հետ խլել ձերբակալվողներին՝ պահելով ոստիականական մեքենաները ու խփելով ոստիկաններին։ Ավելի ուշ ժամանել են նաև Ազգային Գվարդիայի ջոկատները։
Ոստիկաններն օգտագործում էին էլեկտրաշոկեր, գազային բալոններ և պարբերաբար կրակում օդ, հայտնում է «ОВД-Инфо» իրավապաշտպան կազմակերպությունը։
Յակուտսկում նույնպես բողոքի ակցիաներ էին։ Շուրջ 400 հոգի, հիմնականում կանայք, ցույց էին անում՝ պարելով յակուտական ավանդական շուրջպար։ Ձերբակալվել է առնվազն 24 հոգի, հայտնում է «ОВД-Инфо»-ն։
Սահմաններ
Կովկասցիներին չեն թողնում անցնել ռուս-վրացական սահմանը, ահազանգում են տելեգրամյան ալիքները։ Մարդիկ մնացել են անցակետում առանց ուտելիքի, Duty-free-ում նրանց հրաժարվում են սպասարկել։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հաստատել է տեղեկությունը, որ զրահամեքենա է շարժվում դեպի Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետ։
«ԲՏՌ-ը շարժվում է այնտեղ, բայց չի գնում բլոկ-պոստ տեղադրելու նպատակով, այն, կոպիտ ասած ռեզերվ է անկանխատեսելի ցանկացած դեպքի համար, եթե պահեստայինները ուզենան ճեղքել անցակետը և առանց սահմանային ֆորմալությունների լքել երկիրը։ Միայն այդ նպատակով է։ Ոչ մի բլոկ-պոստ չի տեղադրվելու․․․ ԿՊՊ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, զորակոչի տարիքի արական սեռի քաղաքացիների ելքի սահմանափակումներ չեն մտցվել», – РБК-ին է հայտնել Հյուսիսային Օսեթիայի – Ալանիայի ԱԴԾ-ն։
Պուլկովո օդանավակայանը զինկոմիսարիատներից ստացել է մասնակի մոբիլիզացիայի ենթակա անձանց ցուցակները, հայտնում է Фонтанка լրատվական գործակալությունը։ Ցուցակում ներառված անձանց չեն թողնում հատել սահմանը և ուղարկում են զինկոմիսարիատներ։
The Bell-ը իր հերթին հայտնում է, որ Մոսկվայի օդանավակայաններում նույնպես ստացել են նմանատիպ ցուցակներ։ Աշխատակիցները ստուգում են զինվորական տարիքի տղամարդկանց և որոշներին արգելում լքել երկիրը։
Իժևսկի դպրոց
Իժևսկ քաղաքում անհայտ անձը ներխուժել է թիվ 88 դպրոց՝ սպանելով անվտանգության աշխատակցին ու կրակ բացելով աշակերտների վրա։ Զոհվել է առնվազն 15 հոգի, որից 11-ը՝ աշակերտներ, վիրավորվել՝ 21 հոգի։ Հարձակվողը ինքնասպան է եղել։
Ավելի ուշ պարզվել է, որ նա այդ դպրոցի շրջանավարտ, 1988թ․-ին ծնված, Արտեմ Կազանցևն է։ Կազանցևը սվաստիկայի նշանով հագուստով է եղել, ատրճանակների վրա գրված է եղել «ատելություն» և բրիլոկներ են կախված եղել՝ Էրիկ Հարիսի, Դիլան Քլիբոլդայի և «Columbine» անուններով։ Հարիսն ու Քլիբոլդան 1999 թվականին ամերիկյան «Columbine» դպրոցում սպանել են 13 հոգու։