Ադրբեջանական վերջին հարձակումից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են ՊՆ-ից տեղեկություններ հայտնել իրենց որդիների մասին:
Զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը լրագրողների հետ զրույցում, դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց, որ 13 օր է ոչ մի լուր չունի որդուց։
«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր: Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշատակ կանեին դիակները, ո՞նց եք տանելու տաք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք», – ասում է Սերյոժայի հայրը:
Անհետ կորած զինծառայող Սամվել Աթանյանի հայրն էլ նշեց, որ իրենց ասել են՝ սպասեն, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, կտեղեկացնեն:
«Սամվելը ծառայում է Ներքին Հանդում: Երկու ամսվա ծառայող էր: Առանց որևէ պատասխանատուի ուղարկել են մարտական դիրքեր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը երեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու:
Ասում են՝ կան զոհվածներ, անհետ կորածներ, անտառի մեջ երեխեք լցված, բայց հստակ չգիտենք: Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա: Դիվիզիոնի հրամանատարը ողջ է, բայց չենք տեսել, երբ գնում ենք, ասում են՝ գնացել է դիրքեր: Դիրքեր ենք գնում, ասում են՝ իջել է զորամաս:
Որոնումներ անում են անտառապահները, որոնք անտառին ծանոթ են, զինվորականներ չեն մասնակցում, հետախուզություն չկա: Մեզ ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող անտառ մտնել», – ասում է Սամվելի հայրը, հավելելով, որ այսօրվա հանդիպումը ոչ մի օգուտ չտվեց, – «Երկու զինվոր դեռ ունենք բանակում՝ Սամվելի եղբայրը և քրոջս որդին: Նույն Կապանի զորամասում են: Գնալու եմ երկուսին էլ բերեմ, թող ոստիկանությունը գա հետևներից»:
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, 20 հոգի գերեվարվել է։ Բաքուն հաղորդել է 79 զոհերի մասին։