Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ։ Վիրավորվել է 293 զինծառայող և 3 քաղաքացիական անձ1։ Գերեվարվել է 20 զինծառայող։
Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհուրդը՝ հավելելով․ «Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք», – ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստում ընդունված հայտարարության մեջ։
Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, բայց ռազմաքաղաքական իրադրությունը, ըստ ԱԽ-ի, մնում է լարված.
«Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ, և ողջունում բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ»։
1․ Օմբուդսմենի գրասենյակն ու առողջապահության նախարարությունը մինչ այս հաղորդել էին 1 քաղաքացիական զոհի և 7 վիրավորների մասին։ Առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ 7 վիրավորներից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը․ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսը՝ միջին ծանրության (դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքներից: Մյուս 4 վիրավորները, ըստ ԱՆ-ի, դուրս են գրվել։