Home / Եկեղեցի / Կին, կյանք, ազատություն. փամփուշտները չեն լռեցնում Իրանի ցույցերը

Կին, կյանք, ազատություն. փամփուշտները չեն լռեցնում Իրանի ցույցերը

Իրանում «ողջախոհության ոստիկանության» կողմից ձերբալկաված և խոշտանգումների ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահը ամբողջ երկրով լայնամասշտաբ ցույցերի պատճառ է դարձել։ 

Կնոջը բերման են ենթարկել հիջաբ կրելու կանոնները չպահպանելու համար, իսկ ավելի ուշ ծեծի ենթարկել ոստիկանական մեքենայում, ինչից հետո նա ընկել է կոմայի մեջ։ Իրանի ոստիկանությունը հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, որ Ամինին մահացել է «սրտի հանկարծակի կանգից»։ 

Ամինիի հուղարկավորության արարողության ժամանակ կանայք ցուցադրաբար հանել են իրենց հիջաբներն ու վանկարկել «Մա՛հ բռնապետին»։ 

Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի նահանգապետի գրասենյակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ BBC-ի իրանական ծառայության տվյալներով՝ նաև կրակ բացել ակցիայի մասնակիցների ուղղությամբ։ Իրանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ կան ձերբակալվածներ ու ավելի քան 30 վիրավոր։ 

Ամինիի սպանության դեմ բողոքի ակցիա են արել նաև Իրանի ուսանողները՝ առաջին անգամ վերջին տասնամյակում։ Թեհրանի պետական համալսարանի ուսանողները դուրս են եկել փողոց՝ վանկարկելով «Կին, Կյանք, Ազատություն»։ 

Այսօր նույնպես ցույցերը շարունակվում են։ Իրանի քրդական նահանգի Դիվանդարեհ քաղաքում (Ամինին ծագումով քուրդ է) ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։ 

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հուլիսի 18-ին հրամայեց խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին․ որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ ներմուծվեցին։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը կարող է արգելվել, փողոցում նրանց կարող են կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։

Իրանցի կանայք, ի պատասխան նախագահի հրամանի, հուլիսի 12-ին երկրով մեկ ակցիաներ սկսեցին։ Նրանք փողոց էին դուրս գալիս առանց հիջաբի, քայլելիս ցուցադրաբար հանում հիջաբը, դիմադրում «ողջախոհության ոստիկանությանը»։ 

Իրանի Իսլամական հանրապետությունում պահանջվող հիջաբը բաղկացած է խամրած գույն ունեցող երկար և ազատ հագուստից (հագնում են տաբատի վրայից) և նույնատիպ գլխաշորից, որը պետք է ամբողջովին ծածկի մազերը և ուսերը։ Որոշ կանայք գլխաշորը երբեմն փոխարինում են ավելի փոքր չափերի գույնզգույն կտորներով կամ հագնում են կիպ նստող կարճ շորեր․ սա համարվում է հիջաբի «ոչ պատշաճ» կրում, որը (ոչ միշտ, բայց) կարող է պատժվել տուգանքից մինչև ձերբակալություն։

Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։