Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Այս մասին հայտարարել է Արայիկ Հարությունյանը «ստեղծված իրավիճակի վերաբերյալ» իր տեսաուղերձում։
Ուղերձի առանցքային հատվածները՝ ստորև․
Անվտանգություն
Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:
Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:
Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:
Արտաքին քաղաքականություն
Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով:
Առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
Սեփական տեսակը պահպանելու համար պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այդուհանդերձ, մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները:
Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը:
Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը:
Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված:
ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին անգամ հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի:
Կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով:
Այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները:
Ներքին կյանք
Սեփական հողում սեփական ապագան կառուցելու անբեկանելի կամքով ապրող յուրաքանչյուր արցախցու մոտ հաճախ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ, պետական մարմինների կողմից հանրության թիկունքում ազգային ու պետական շահին հակասող որոշումներ ընդունելու կասկածներ: Մտահոգություններն ու կասկածները առավել խորանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց սկսում են գումարվել ներքին ու արտաքին ուժերի կողմից քաղաքական, անձնական և այլ շարժառիթներով զուգորդված տեղեկատվական կեղծ արշավներն ու հանրությանը մոլորեցնելու՝ հաճախ հաջողված փորձերը:
Նախատեսում եմ առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում:
Արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար:
Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ:
Հույս ու հավատ, կամք ու մղում, ջանք ու եռանդ բոլորիս: