ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք։
Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք՝ ադրբեջանական ստորաբաժանումները, ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, խախտել են հրադադարի ռեժիմը նաև սեպտեմբերի 23-ի ժամը 07։40-ի սահմաններում՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Բաքուն, իր հերթին, այսօր հաղորդել է, որ հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից կրակ են բացել Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների և այդ շրջանի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանը հայտնում է 3 վիրավորների մասին:
Փաստացի՝ սեպտեմբերի 14-ին, Անվտանգության խորհրդի քարտուղարի հաղորդմամբ, ձեռք բերված հրադադարը արդեն բազմիցս խախտվել է։ Սեպտեմբերի 20-ին, 21-ին, 23-ին (2 անգամ) ՀՀ ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից կրակոցների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ հրամայել է իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «վերլուծել են Քելբաջարի և Լաչինի ուղղություններում, ինչպես նաև ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում ստեղծված կացությունը»։
Հիշեցնենք՝ նմանօրինակ խորհրդակցություն Հասանովը հրավիրել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից մեկ օր առաջ և նույն տողերով հրամայել բանակին՝ կանխել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական ԶՈՒ-երի հնարավոր սադրանքները։ Լաչինի էսկալացիային, ինչպես նաև 2020-ի լայնամասշտաբ հարձակմանը նույնպես նախորդում էին Բաքվի նմանատիպ հայտարարությունները։
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմեբերի 13-ի կեսգիշերին սկսված լայնածավալ հարձակմանը նախորդում էին Բաքվի հայտարարությունները, թե իբր հայկական կողմը Քելբաջարում, Լաչինում և այլ սահմանամերձ շրջաններում դիրքեր է գնդակոծում։ Հայաստանը կտրականապես հերքում էր այդ մեղադրանքները՝ զուգահեռաբար զգուշացնելով, որ դրանք նոր էսկալացիայի հող են նախապատրաստում։ Սահմանային վերջին բախումները ավարտվեցին սեպտեմբերի 14-ին՝ ռուսական, ֆրանսիական և հատկապես ամերիկյան կողմերի միջնորդությամբ հաստատված հրադադարով։ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերն առ այսօր հետ չեն քաշվել․ գլխավոր շտաբի հաղորդմամբ, դրանք գտնվում են Ջերմուկից 4․5 կիլոմետր հեռավորության վրա։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, 20 հոգի գերեվարվել է։ Բաքուն հաղորդել է 79 զոհերի մասին։