Վերին Լարսի անցակետում 20-ից 30 կիլոմետրանոց հերթերp են գոյացել․ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում զորահավաք է հայտարարվել, մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը։ Դեպի Վրաստան և Հայաստան ավիատոմսերը վաղուց սպառված են։ Լարսում արդեն մի քանի օր է՝ հսկայական խցանումներ են․ մեքենաները, այդ թվում՝ հայկական բեռնատարները, օրերով կանգնած են։
— Վերին Լարսից բացի՝ Ռուսաստանից Հարավային Կովկաս տանող մյուս բոլոր ճանապարհները փակ են։ Աբխազիայից և Հարավային Օսիայից Վրաստան մտնելն առհասարակ արգելված է՝ գործում են վրացական կողմի սահմանափակումները։ Փակ են նաև Ադրբեջանի ցամաքային սահմանները․ համաճարակից ի վեր դրանք չեն էլ բացվել։ Վերին Լարսը Ռուսաստանը Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին կապող միակ գործող (ցամաքային) ճանապարհն է։
— Ռուսական կողմի պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 27-ի դրությամբ Վերին Լարսում՝ խցանման մեջ, 5 հազար 500-ից ավել մեքենա է կանգնած (20-ից 30 կիլոմետրանոց հերթ)։ Օրական սահմանը հատում է մոտ 10 հազար մարդ։
— Հաշվի առնելով Լարսում գոյացած հսկայական կուտակումները, սահմանը ոտքով հատելու արգելքը որոշվել է վերացնել։ Լարսի անցակետը պաշտոնապես համարվում է ավոտմոբիլային, այսինքն՝ մինչ այն հնարավոր էր անցնել միայն տրանսպորտով։ Գաղթականներից շատերը ոտքով հասնում էին սահման և հատում այն հեծանիվով կամ ինքնագլորով։
Վլադիկավկազից հաղորդել են, որ սահմանը ոտքով կարող են ացնեն նախևառաջ կանայք և երեխաները։ Որոշ դեպքերում՝ հաջողացնում են նաև տղամարդիկ։ Եթե ավտոմոբիլային հերթը 3-4 օր է պահանջում, ոտքով անցնողները միջինում 1-2 օր են սպասում։
— Հերթի մեջ պարբերաբար վիճաբանություններ և փոքրիկ բախումներ են լինում։
Վարորդներն ահազանգում են, որ «տեղացի գողականոտներն ու մենթերը փող են աշխատում մարդկանց հերթին հասցնելով»։ «Можем объяснить» («Կարող ենք բացատրել») տելեգրամյան ալիքը պնդում է, որ հերթի մեջ հայտնվելու համար վարորդներից նվազագունը 40 հազար ռուբլի են պահանջում, իսկ ավտոբուսների ուղևորներին՝ ստիպում «մարդ ա հազար ռուբլի գցվել»։
«Կաշառք չտաս՝ չեն թողնի։ Պայմանավորվում ես տեղացիներից մեկի հետ, նա նստում է քո մեքենան։ Հետո մոտենում եք ՃՈ-ին, իրանք իրար մեջ պայմանավորվում են։ Հետո ոստիկանը թողնում է, որ մեքենան անցնի», – պատմել է հերթի մեջ կանգնած վարորդներից մեկը։
Ռուսական կողմի՝ Հարավային Օսիայի ՆԳՆ մամլո ծառայությունը, իհարկե, հավաստիացնում է, որ բողոքներ չի ստացել, իսկ իրավապահները «ապահովում են իրավակարգն ու ավտնագությունը»։
— Ռուսները սահմանի մոտ ռազմական տեխնիկա են բերել։
Սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը անցակետի մոտ զրահափոխադրիչ (БТР) է տեղակայել, գերատեսչությունից ասում են՝ «ի պատեհ առիթի», որպեսզի կանխեն սահմանը ճեղքելու հնարավոր փորձերը։ Ականատեսները նախօրեին ահազանգում էին Վլադիկավկազից ռազմական տեխնիկայի շարասյան շարժի մասին։
— Անմիջապես սահմանին վրա նախօրեին զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կենտրոն է տեղակայվել։
Երեկվանից Վրաստանի հետ սահմանին զորակոչի օպերատիվ խումբ է գործում՝ կազմված զինկոմիսարիատի ներկայացուցիչներից և այլ պաշտոնյաներից։ Վլադիկավկազից տեղելացրել են, որ անցակետի մոտ մոբիլիզացիոն կենտրոնը ստուգում է՝ «սահմանը հատող քաղաքացին ենթակա է զորակոչի, թե ոչ»։ Եթե հաստատվում է, որ ենթակա է՝ նրան տեղում ծանուցագիր է տրվում։
— Կովկասցիներին չեն թողնում հատել սահմանը
Տելեգրամյան ալիքները ահազանգում են, որ Վերին Լարսում կովկասցիներին չեն թողնում անցնել սահմանը։ Վերջիններս օրերով գիշերում են աստիճանների ու սառը սալիկապատ հատակների վրա։ Հաղորդումներ կան նաև, որ կովկասցիներին հրաժարվում են սպասարկել Duty-free-ում։
Այսօր արդեն վարկած է հայտնվել՝ ինչու կովկասցիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան․ ռուսները նրանց չեն մուտքագրել էլեկտրոնային տվյալների բազա Ռուսաստանից դուրս գալու ժամանակ։ Իբր՝ ռուս սահմանապահները անձնագրի վրա կնիք են դնում երկրից դուրս գալու մասին, սակայն էլեկտրոնային տվյալների բազայում համապատասխան գրառում չեն կատարում։
— Լարսի ճանապարհը Հայաստանն արտաքին աշխարհին կապող փոքրաթիվ անոթներից մեկն է, ապրանքաշրջանառության տեսանկյունից՝ ամենակարևորը։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է․ այլընտրանքային ճանապարհներից մեկը, որը անցնում էր Ադրբեջանի տարածքով, շրջափակվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, մյուսը՝ Աբխազիայով անցնող, շրջափակվել է վրաց-ռուսական/վրաց-աբխազական հակամարտության պատճառով։ Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը իրականացվում է հենց Լարսով․ խցանման մեջ են հայտնվել նաև հարյուրավոր հայկական մեքենաներ, այդ թվում՝ բեռնափոխադրող։