Home / Բանակ / Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել Ռուսաստանում

Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել Ռուսաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել երկրում՝ «հայրենիքի ու տարածքային ամբողջականության պաշտպանության, առաջնագծի ձգման, ՌԴ սահմանամերձ տարածքների մշտական գնդակոծման և ազատագրված շրջանների վրա հարձակման համար»։

Զորակոչի ենթարկվելու են այն քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են պահեստազորում ու առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են, ունեն հատուկ զինվորական մասնագիտություն և համապատասխան փորձ՝ իր տեսաուղերձում հայտնում է Պուտինը։ Ծառայությունից ազատվել հնարավոր կլինի միայն տարիքի, առողջական խնդրի կամ դատական վճռի պատճառով։ Մոբիլիզացված քաղաքացիները կունենան պայմանագրային զինծառայողի կարգավիճակ։

https://youtu.be/Ki5amJK9Nt4

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, հայտարարել է, որ մասնակի զորահավաքի են ենթարկվելու շուրջ 300 հազար ռուսաստանցիներ։

Շոյգուի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը մտադիր չէ մոբիլիզացնել ուսանողներին։ «Հատուկ ռազմական օպերացիայի» գոտի նաև չեն ուղարկվի արդեն իսկ զորակոչով ծառայող զինվորականները։ Պետդումայի բոլոր պատգամավորները և սենատորները, զորահավաքի մասին օրենքի համաձայն, ենթակա չեն մոբիլիզացիայի։

«Շփման գիծն ինքնին, կարելի է անվանել և՛ առաջնագիծ, և՛ շփման գիծ, ​​այն ավելի քան 1000 կիլոմետր է։ Բնականաբար, ինչ կա հետևում, և ինչ կա այդ գծի երկայնքով պետք է ամրապնդել, այդ տարածքները պետք է վերահսկել։ Եվ, իհարկե, առաջին հերթին այս գործը, նկատի ունեմ մասնակի մոբիլիզացիան, արվում է դրա համար», – պատճառաբանել է Պաշտպանության նախարարը։

Առաջին հերթին զորակոչվելու են նրանք, ովքեր արդեն ծառայել են ՌԴ զինված ուժերի շարքերում, ունեն ռազմական մասնագիտություն և մարտական ​​փորձ։ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի մոբիլիզացիոն ռեսուրսը հսկայական է, և պոտենցիալ նորակոչիկների թվի միայն 1%-ն է ներգրավվելու մարտական ​​առաջադրանքներում։

«Զորահավաքային նախապատրաստման և զորահավաքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական ծառայության հաշվառված քաղաքացիներին, զորահավաք հայտարարելու պահից սկսած, արգելվում է լքել բնակության վայրը՝ առանց զինկոմիսարիատների, դաշնային գործադիր մարմինների թույլտվության։