Ուկրաինան առաջին լուրջ ռազմական հաջողություններն է գրանցում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում։ Սեպտեմբերի 6-ին ուկրաինական բանակը հակահարձակում սկսեց Խարկովի մարզի հարավում ու արևելքում։ Ռուսական ուժերը սեպտեմբերի 8-ին լքեցին Բալակլեան, 10-ին՝ Կուպյանսկը՝ տարածաշրջանում ՌԴ պաշտպանության նախարարության հիմնական թիկունքային բազան և Իզյումը, որտեղ տեղակայված էր ՌԴ ռազմական շտաբը։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական ուժերը Խարկովից դեպի հարավ և հարավ-արևելք 50 կիլոմետր առաջ են շարժվել՝ ազատագրելով շուրջ 20 բնակավայրեր։ Փաստացի, ռուսական բանակը կորցրել է այն ամենը, ինչին մեծ դժվարությամբ հասել էր շուրջ 6 ամիսների ընթացքում։
Ռուսաստանը սեպտեմբերի 11-ին հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրայինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին, առաջին հերթին՝ Խարկովի ՋԷԿ-ին: Արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ հոսանքազրկվել են Ուկրաինայի հինգ մարզերը՝ Խարկովը, Սումին, Պոլտավան, Դնեպրոպետրովսկը և Դոնեցկը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը կարծում է, որ այս հրթիռակոծումը կապված է Խարկովի մարզում ռուսական զորքերի նահանջի հետ։
Ռուսաստանի ՊՆ-ն, մեկնաբանելով իր ուժերի նահանջը, հայտարարել է, որ իրականացվել է «զորքերի կրճատման և տեղափոխման օպերացիա»՝ «Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ավելացնելու համար»։
Ուկրաինայի հետ գրավված տարածքները՝ մանուշակագույնով
Կուպյանսկի կարևորությունն այն է, որ նրա միջով են անցնում գլխավոր լոգիստիկ ուղիները, «Радио Свобода»-ի հետ զրույցում պատմում է ռազմական փորձագետ Միխայիլ Սամուսը։
«Այնտեղ երկաթուղի կա, շատ մեծ երկաթուղային հանգույց։ Ռուսական զորքերը առաջին հերթին Կուպյանսկը գրավեցին, երբ սկսեցին իրենց հարձակումը փետրվարի 24-ին։
Կուպյանսկը հետ վերցնելու արդյունքում փլվում է Դոնբասի ողջ օպերացիայի տրամաբանությունը։ Իզյումի ուղղությունն էր պատասխանատու հյուսիսից (Դոնեցկի մարզի) Սլավյանսկի ու Կրամատորսկի գրավման համար։
Դոնբասի համար գլխավոր պայքարը սկսվեց ապրիլին։ Երբ ռուսական զորքերը փախան Կիևի, Չեռնիգովի ու Սումիի մարզերից, նրանք տեղակայվեցին հենց Դոնբասի ուղղությամբ։ Իզյումի ուղղությունը այդ ծրագրի մի մասն էր․․․ Սկզբից դանդաղեցրին առաջնագծի հարձակումը՝ Սևերոդոնեցկ ու Լիսիչանսկ։ Իսկ այժմ [ռուսների] հյուսիսային խմբավորումները շրջափակման մեջ են», – բացատրում է փորձագետը։
Սամուսի կարծիքով՝ Ուկրաինան զենքի առումով երբեք չի հասնի հավասարության Ռուսաստանի հետ, չնայած, որ վերջերս ՆԱՏՕ-ի երկրները զգալիորեն ավելացրել են զենքի մատակարարումները։
«Մինչև փետրվարի 24-ը մենք ունեինք մի քանի հարյուր տանկ, իսկ Ռուսաստանը՝ մի քանի հազար։ Նույնը վերաբերում է ինքնաթիռներին․ մենք ունենք մի քանի տասնյակ, իսկ Ռուսաստանը՝ մի քանի հարյուր։ Մենք երբեք քանակապես պարիտետի չենք հասնի։ Մենք միայն մի ելք ունենք․ անհամաչափություն և capabilities (մարտական հնարավորություններ)։ Capabilities մեզ պետք է նրա համար, որ անհամաչափ կռվի ժամանակ, որոշակի առավելություններ ձեռքբերելու միջոցով, հաղթենք Ռուսաստանին», – ասում է փորձագետը։
Ռուսաստանը հավանաբար չունի պահեստային ուժեր՝ Ուկրաինայում իր պաշտպանությունն ուժեղացնելու համար, այսօր հայտարարել է Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։
Թեև պատերազմը կձգվի մինչև մյուս տարի, ըստ ISW-ի, «Ուկրաինան իր օգտին է շրջել այս պատերազմի ալիքը»՝ արդյունավետորեն օգտագործելով Արևմուտքի կողմից մատակարարվող զինամթերքը, մասնավորապես՝ HIMARS հրթիռային համակարգերը։
«Ուկրաինայի հակահարձակումը Խարկովի մարզում փոխում է ռուսական ուժերի ուղղությունը՝ քանդելով Ռուսաստանի, հյուսիսային Դոնբասով անցնող, առանցքը։ Ռուսական զորքերը չեն իրականացնում կազմակերպված նահանջ և շտապելով փախչում են Խարկովի մարզի հյուսիս-արևելքից՝ Իզյումում շրջափակման մեջ չհայտնվելու համար», – ասվում է ամերիկյան հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:
Ըստ ISW-ի՝ ռուսական ուժերն այժմ կանգնած են «դժվար երկընտրանքի» առաջ: Չունենալով ռեսուրսներ արևելքում արդյունավետ պայքարելու համար, նրանք պետք է որոշեն՝ արդյո՞ք պետք է հարավային Խերսոնից հետ ուղարկել զորքերը Խարկովի առաջնագիծ: Բայց նրանք գիտեն, որ դրանով կարող են զիջել իրենց դիրքերը Խերսոնի մոտ և վտանգի ենթարկել հաղթանակը, գրում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։
գազի պատերազմ
Ռուսաստանը օգոստոսի 31-ին անորոշ ժամանակով անջատեց «Հյուսիսային հոսք 1»-ը՝ գլխավոր գազատարը դեպի Եվրոպա։
Եվրոպան վերջին ամիսներին պատրաստվում էր նման սցենարի և խնայողություններ սկսեց դեռևս ամռանը: Այսօր ԵՄ երկրների ստորգետնյա գազապահեստարանները լցված են 82%-ով, ինչը բավարար է առանց ռուսական գազի առնվազն մի քանի ամիս (մինչև ձմեռվա վերջ) գոյատևելու համար։
Չնայած Մոսկվայի և Բրյուսելի ռազմատենչ հռետորաբանությանը, կողմերը դեռևս ամբողջությամբ չեն խզել հարաբերությունները գազի մատակարարման ոլորտում։ Ռուսաստանից հումքը Եվրոպա է մատակարարվում նաև Ուկրաինայով անցնող «Союз» և Թուրքիայով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարերով։
Երեք տարի առաջ «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում էր օրական մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ։ Այս տարվա մայիսին մատակարարումները կրկնակի կրճատվել են՝ հասնելով 250 միլիոնի, իսկ ամառվա ընթացքում ևս երկու անգամ կրճատվել են՝ օգոստոսին հասնելով 115 միլիոնի:
Կողմերը «պատերազմում» են նաև նավթի համար։
Մեծ Յոթնյակի երկրները սեպտեմբերի 2-ին պայմանավորվեցին ռուսական նավթի համար սահմանել «գնային շեմ»․ այս շեմից ցածր գնով Ռուսաստանի մատակարարումները կազատվեն պատժամիջոցներից: Կրեմլը արդեն պատասխանել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնվի դրա հետ։
Եվրոպայի Ռուսաստանի նկատմամբ կիրառված նավթի էմբարգոն ուժի մեջ է մտնում դեկտեմբերից։
Ռուսաստանի բյուջեն մեծապես կախված է նավթի և գազի եկամուտներից. 2022 թվականին դրանք պետք է կազմեն բոլոր եկամուտների 38,5%-ը (9,5 տրիլիոն ռուբլի կամ մոտ 160 միլիարդ եվրո): Այնուամենայնիվ, այս ծավալը հիմնականում ապահովում է նավթը, այլ ոչ թե գազը. նավթը երեք անգամ ավելի շատ եկամուտ է բերում:
Բացի այդ, Ռուսաստանն ունի գազի ներքին մեծ շուկա։ «Գազպրոմը» տարեկան արդյունահանում է մոտ 500 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ արտահանման համար միայն 180 միլիարդն է ուղարկում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ։ Այնուամենայնիվ, արտասահման առաքումներից ստացված եկամուտը սուբսիդավորում է ռուսական ենթակառուցվածքները և բնակարանային, կոմունալ ծառայությունները։ Այս եկամուտը ստանալու համար՝ Ռուսաստանին բարդ է լինելու այլընտրաքներ գտնել եվրոպական շուկայի համար։