Home / Եկեղեցի / Աստրախանում ուսանողուհիներին արգելում են հիջաբ կրել

Աստրախանում ուսանողուհիներին արգելում են հիջաբ կրել

Ռուսաստանում Աստրախանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհիները բողոքում են, որ իրենց պաշտոնապես արգելել են համալսարան մտնել և դասախոսությունների մասնակցել հիջաբով կամ գլխաշորով: Հիջաբով ուսանողուհիներին ԲՈՒՀ-ի ղեկավարությունը սպառնացել է հեռացնել համալսարանից՝ արտաքին տեսքի կանոնակարգին չհետևելու համար, գրում է Кавказский узел-ը։

Աստրախանի պետական բժշկական համալսարանում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մահմեդական ուսանողներ կան: Մուսուլմանների նկատմամբ ռուսաստանյան բուհերում ճնշումների մասին բողոքները սկսվել են դեռևս 2016 թվականից։

Հիջաբ կրելու արգելքը ներառված է համալսարանի «Ուսանողների և աշխատակիցների արտաքին տեսքի վերաբերյալ կանոնակարգում», որտեղ նշվում է «որևէ ազգության կամ կրոնի պատկանելություն ցուցադրող հագուստ և աքսեսուարներ կրելու» արգելքի մասին։ Այնուամենայնիվ, իսլամ դավանող կանանց համար հիջաբը ոչ թե կրոնական պատկանելության դրսևորում է, այլ պարտադիր հագուստ։

Փաստաթուղթը հրապարակված է համալսարանի կայքում։ Կանոնակարգով արգելվում է աշխատակիցներին և ուսանողներին ծնկից 20 սմ-ից ավելի բարձր կիսաշրջազգեստ հագնել կամ «ոչ պահպանողական մորուք» պահել։ Միաժամանակ խորհուրդ չի տրվում չափից դուրս կիպ դեկոլտե, թափանցող բլուզներ և այլ բաց հագուստ կրել։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մտահոգություն է հայտնել այս հարցով և կարգադրել խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովին զբավել դրա լուծմամբ։ Միաժամանակ, Չեչնիայում վերջին 15 տարիների ընթացքում կանանց հագուկապի մասին պաշտոնական որոշումները պարբերաբար փոփոխվում են, չի փոխվում միայն դրանք կանանց պարտադրելը՝ «կինը պետք է իր տեղն իմանա» կարգախոսով։ 

2006-ին հիջաբ կրող չեչեն ուսանողուհիներին Կադիրովը 1000-ական դոլար էր նվիրում։ Մեկ տարի անց կանանց համար պարտադիր դարձավ աշխատավայրերում գլխաշոր կրելը։ 2010-ի աշնանը և ամռանը Գրոզնիում  գլխաշոր չկրող կանանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ալիք սկսվեց․ ի թիվս այլի, կանանց վրա կրակում էին փեյնթբոլի հրացաններով։ Իսկ 2020-ի նոյեմբերին մի շարք աղջիկների հետ «դաստիարակչական զրույցներ» էին անցկացնում նիքաբ կրելու մասին։ Նիքաբը կանացի գլխաշորի տեսակ է, որը փակում է նաև դեմքը՝ տարածություն թողնելով միայն աչքերի համար։