Քութայիսիում զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ՝ պատանդ վերցնելով շուրջ 12 այցելուների ու աշխատակիցների։ Հարձակվողը պնդում է, որ պայթուցիկ սարք է տեղադրել շենքում։
Ի սկզբանե տղամարդը պահանջում էր 2 միլիոն դոլար՝ իր ցանկությունը բարձրաձայնելով Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտած պատանդի միջոցով։
Ավելի ուշ տղամարդը բարձրաձայնել է մի շարք տարօրինակ պահանջների մասին․ Sprinter մեքենա, ուղղաթիռ, ձկնորսական կարթ և ռուսական դրոշ։
Քրեական գործ է հարուցվել չորս հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության։
Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Վրաստանի Զուգդիդի քաղաքում նույնպես զինված հարձակում էր եղել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա։ Կամուֆլյաժով, ավտոմատով ու նռնակով զինված տղամարդը մտել էր բանկ, պատանդ վերցրել աշխատակիցներին ու պահանջել կես միլիոն դոլար փրկագին։ Արդյունքում ոստիկանությունը կատարել էր նրա պահանջները, և նա ապահով կերպով դուրս էր եկել բանկից՝ գումարով։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հարձակվողը նախկին զինվորական է։ Ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել պարզել՝ որտեղ է նա։
«Վրաստանի բանկ» հարձակվել էին նաև 2021 թվականի սեպտեմբերին։ Նռնակով զինված տղամարդը ներխուժել էր Քվարելի քաղաքում գտնվող բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել 13 մարդու՝ պահանջելով կես միլիոն լարի և կես միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, նա բաց էր թողել բոլոր մարդկանց, ովքեր բանկում էին։ Ոստիկանության հետ որոշ բանակցություններից հետո առևանգողը հանձնվել էր։