Իրանում 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո սկսված լայնամասշտաբ հակակառավարական ցույցերն արդեն տարածվել են ավելի քան 80 քաղաքներում։ Ուժայինները շարունակում են ձերբակալել, ծեծել և սպանել։
Ուժայինների և ցուցարարների շրջանում կա առնվազն 76 զոհ, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է Իրանի Մարդու իրավունքների կազմակերպությունը (IHR)։ Պետական լրատվամիջոցները, իրենց հերթին, հայտնում են ընդամենը 41 զոհի մասին։
Կան բազմաթիվ փաստարկներ (տեսանյութեր և մահվան վկայականներ), որ ոստիկանությունը հրազենից կրակ է բացում ցուցարարների վրա, չնայած՝ Իրանի պաշտոնյաները ժխտում են դա, հայտնում է IHR-ը։
Sep. 23 – Ekbatan, Tehran, #Iran
The state security forces are opening fire on protesters.#IranProtests #مهسا_امینی pic.twitter.com/WAFLzRiijm— IRAN HRM (@IranHrm) September 23, 2022
Ցուցարարներին խոշտանգում են ու ծեծում։ Associated Press News-ը հաղորդում է ավելի քան 1400 ցուցարարի ձերբակալության մասին, որոնցից 20-ը լրագրողներ են։ BBC-ն հաղորդում է, որ ձերբակալվածների թվում եղել են նաև անչափահասներ, որոնց մեծ մասին հաջորդ օրը բաց են թողել։
Ձերբակալվածների մի մասին տարել են իրանական «Էվին» բանտ։ Բանտի դիմաց սպասող հարազատներին հայտարարել են, որ չհրապարակայնացնեն իրենց ընտանիքի անդամի բանտարկումը, այլապես՝ նրա վիճակն ավելի վատ կլինի։
Ցուցարարներից մեկը պատմել է BBC-ին, որ իրեն շուրջ 60 հոգու հետ փակել էին փոքր սենյակում, արգելել օգտվել լոգարանից և հայտարարել, որ եթե սովածանան «կարող են սեփական արտաթորանքն ուտել»։ Բանտարկվածները մոտ մեկ օր շարունակ բողոքում և գոռում էին սենյակում, իսկ ուժայինները՝ կարգադրում «լռել, թե չէ կբռնաբարեն»։
Tonight in the city of Yazd, two women standing on top of a car throw their hijabs in the air while protesters cheer and clap, on the 11th night of unrest in Iran over the death of #MahsaAmini, 22, in morality police custody and a near total internet shutdown.#مهسا_امینی pic.twitter.com/aqaxLhtX4C
— Shayan Sardarizadeh (@Shayan86) September 26, 2022
Իրանում պարբերաբար համացանցը չի աշխատում կամ գործում է խափանումներով, տեղեկացնում է NetBlocks համացանցի դիտարկման կազմակերպությունը։ Երկրում արգելափակված են WhatsApp, Instagram, Skype, Facebook, Twitter, Tik Tok և Telegram սոցցանցերը։
Այնուամենայնիվ, համացանցում շարունակվում են հրապարակվել տեսանյութեր, որտեղ կանայք այրում են իրենց գլխաշորերը և կտրում մազերը՝ վանկարկելով «Կին, կյանք ազատություն» և «Մահ բռնապետին»։ Վերջինս, ըստ BBC-ի վերաբերում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։
22-ամյա Մահսա Ամինիին բերման էին ենթարկել հիջաբ կրելու կանոնները չպահպանելու համար, իսկ ավելի ուշ ծեծի ենթարկել ոստիկանական մեքենայում, ինչից հետո նա ընկել է կոմայի մեջ։ Իրանի ոստիկանությունը հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, որ Ամինին մահացել է «սրտի հանկարծակի կանգից»։