Արդեն վեցերորդ օրն է` Իրանում շարունակվում են 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո սկիզբ առած ցույցերը․ ցուցարարների և ոստիկանների բախումների ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել։
Իրանական մեդիան և պաշտոնյաները զեկուցել են 6 ցուցարարի սպանության մասին։ Ակտիվիստները պնդում են, որ իրականում զոհվածների թիվն ավելի մեծ է։ IRNA պաշտոնական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է ուժայինների շրջանում մեկ զոհի մասին։ BBC-ի և APnews-ի տվյալներով, ցույցերի ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել։
https://twitter.com/tabasomss/status/1572963296055119873
Ամբողջ երկրով մեկ կանայք՝ ի նշան բողոքի, վառում են իրենց հիջաբներն ու կտրում մազերը։
Ցույցերի ֆոնին Իրանում սահմանափակվել է Instagram և WhatsApp սոցցանցերի հասանելիությունը։ Երկրով մեկ համացանցը գործում է խափանումներով։
Խափանվել է նաև Իրանի ամենամեծ բջջային օպերատորներից մեկի աշխատանքը, ինչի պատճառով միլիոնավոր մարդիկ անցանց են մնացել։
Ոստիկանությունը ցույցերը ցրելու նպատակով արցունքաբեր գազ է կիրառել։ BBC-ի իրանական ծառայության տվյալներով՝ ուժայինները կիրառել են նաև հրազեն։
Ցույցերի մասին շատ տեղեկություն չկա․ հայտնի է, որ դրանք տարածվել են երկրի տարբեր շրջաններում, որոշ տեղերում՝ վերածվել բախումների։ Համացանցում տեսանյութեր են շրջանառվում, որոնցում փողոցային կռվի դրվագներ և այրված մեքենաներ են երևում։
Զանգվածային ցույցերը, ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների, անցնում են հակակառվակարական կարգախոսների ներքո։
Պրոտեստի այս ալիքը սկսվել է 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո։
(լրացում. Մահսա Ամիրին իրանցի քուրդ է, Թեհրան էր եկել Իրանական Քուրդիստանի Սաքեղ քաղաքից)
Մահսան ձերբակալվել էր «ողջախոհության ոստիկանության» կողմից՝ հիջաբ կրելու կանոնները չպահպանելու համար։ Ոստիկանական բաժանմունքում նա կոմայի մեջ է ընկել, իսկ սեպտեմբերի 16-ին՝ մահացել է հիվանդանոցում։
Իշխանության վարկածի համաձայն, երիտասարդ կինը մահացել է առողջական խնդիրների (սրտանոթային հիվանդություն, էպիլեպսիա, դիաբետ) պատճառով։ Ամինիի ծնողները հայտարարել են, որ նա առողջական խնդիրներ երբեք չի ունեցել։
Մահսա հայրը պատմել է նաև, ձերբակալման պահին աղջկա հետ է եղել նաև նրա 17-ամյա եղբայրը, որը տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկել քրոջը։ Հոր խոսքով, իրեն թույլ չեն տվել տեսնել դստեր մարմինը մահանալուց հետո, չեն թողել ծանոթանալ դատաբժշկական փորձաքնության ընթացակարգին և չեն տրամադրել դրա արդյունքները։
Մահսայի մարմինը նրան հաջողվել է տեսնել միայն մեկ անգամ, երբ այն ամբոջովին փակված է եղել սպիտակ սավանով և երևացել են միայն ոտնաթաթերն ու դեմքը։ Ոտնաթաթերի վրա հայրը կապտուկներ է նկատել և հաղորդել իրավապահ մարմիններին, սակայն որևէ ընթացք այդ հաղորդմանը չի տրվել։ Պաշտոնական տվյալներով, դատաբժշկական փորձաքննության արդյունքում Ամինիի մոտ վնասվածքներ և բռնության հետքեր չեն հայտնաբերել։
Երիտասարդ կնոջ մահը ընդդիմադիրները ոստիկանական բռնության հետևանք և սպանություն են համարում։ Դեպքից հետո սկսված լայնածավալ պրոտեստներին միացել են նաև ուսանողները։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հուլիսի 18-ին հրամայեց խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին․ որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ ներմուծվեցին։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը կարող է արգելվել, փողոցում նրանց կարող են կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։ Իրանցի կանայք, ի պատասխան նախագահի հրամանի, հուլիսի 12-ին երկրով մեկ ակցիաներ էին սկսել։ Նրանք փողոց էին դուրս գալիս առանց հիջաբի, քայլելիս ցուցադրաբար հանում հիջաբը, դիմադրում «ողջախոհության ոստիկանությանը»։
Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։ Հիջաբի «ոչ պատշաճ» կրումը (ոչ միշտ, բայց) կարող է պատժվել տուգանքից մինչև ձերբակալություն։