Մոսկվան բացարձակապես անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանը օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար։
«Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը», – հայտարարել է ՌԴ արտգործանախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Ֆրանսիայի նախագահը երեկ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ- ադրբեջանական հակամարտությունը և թեժացնում իրադրությունը Ադրբեջանի օգտին:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին։ 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել՝ սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք՝ ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», – հայտարարել էր Էմանուել Մակրոնը:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում:
«Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թ․ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվել էր հայտարարություն և որոշվել էր ԵՄ փաստահավաք առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Մոսկվան սա որակել էր որպես հայ-ադրբեջանական հարաբերություններից Ռուսաստանին դուրս մղելու փորձ։